Վարդապետի սերը

Քնելուց առաջ ես երկա՜ր նայեցի դաշնամուրիս վրա դրված քո լուսանկարին: Հետո փչեցի-հանգցրեցի մոմը ու փակեցի աչքերս: Ու երազ տեսա: Գարնան արևով ողողված մի պարտեզում դու ինձ երգել էիր սովորեցնում: Ես խանդաղատանքով կանգնել էի քո առջև ու փորձում էի որսալ շուրթերիդ յուրաքանչյուր խաղը ու վախենում էի կորցնել քո երգի թեկուզ մեկ ելևէջը: Հետո ասացիր, որ ե՛ս երգեմ: Թոքերիցս բարձրացող կաթնահոտ ձայնը պատռեց ձայնալարերիս կուսաթաղանթները, ու առաջին վախվորած հնչյունը դուրս ժայթքեց բերանիցս: Հետո ես հողից ու արևից ուժ առա, ու բղխեց երգս` լուսածոր ու անապական: Ու, լույսի հետ խաչասերվելով, ճախրեց վեր ու խառնվեց հրեշտակների սաղմոսին…

Երբ արթնացա` լուսանկարից ժպտում էիր ինձ քո դալուկ ու լուսավոր աչքերով: Ես նայեցի լուսապայծառ Մասիսին ու քեզ պես երգեցի, Վարդապետ: Հետո դուրս եկա փողոց, որ վայելեմ լույսն առավոտվա իր ողջ փառքով: Ու փողոցով քայլելիս փորձեցի նմանվել քեզ: Հաջորդ պահին քեզ լրիվ զգացի իմ մեջ, ու նկատեցի, որ փոխվեցին քայլվածքս ու կեցվածքս: Ու այդ պահին ավելի սուր ընկալեցի քո պակասն ու պահանջը իմ հոգում ու մարմնում: Ախր ես քեզ սիրում եմ, Վարդապետ: Ուզում եմ երգել ու ապրել քո երգի պես: Սրտիս մեջ ու մատներիս տակ քո շունչն եմ ուզում զգալ, Վարդապետ…

Հետո Աստծո տաճարում ցանկացա քեզ պես աղոթք անել: Ու ինքս էլ չզգացի, թե ինչպես «Հայր մերը» բառերից ձուլվեց-դարձավ երգ ու լցրեց խորանը: Ու հրեշտակները երգեցին ինձ հետ մինչև իններորդ երկինքը: Որպես կատարյալ աշակերտ ես փորձեցի առավելագույնս նմանվել քեզ և ավելին ունենալ քեզ իմ մեջ: Եվ միգուցե ներքին այդ կարկառումն էր պատճառը, որ մի օր զգացի, որ այլևս սև փարաջա պիտի կրեմ, քանի որ յուրաքանչյուր այլ հագուստ խորթ էր հոգուս և մարմնիս…

Մի օր էլ, երբ ծիրանենուն կռթնած դարձյալ քո մասին էի խորհում, մի կրակ անցավ կողքիցս, ու խլրտաց սիրտս անսովոր դաղով: Ես շրջեցի հայացքս ու մի փերի տեսա` երկար շեկ ծամերով ու կուժն ուսին: Ի՞նչ է անունդ, հարցրի: «Սոնա, Վարդապե՛տ, Սոնա է անունս»,- ասաց: Ու անցավ` գնաց կուժն ուսին ու երկար շեկ ծամերը քամուն տված: Ու այդ օրվանից ջանս կրակ ընկավ, ու կարոտով մնաց սիրտս Սոնա-յարի հետևից: Ուզեցի ջու՛րն ընկնեմ, ծո՛վն ընկնեմ շեկ յարիս դարդից, բայց ծովափին ճգնող Գրիգոր անունով մի սուրբ բռնեց ձեռքս ու ասաց` արի քեզ Գոհար Վարդի երգը երգեմ, որ մոռանաս աշխարհիկ ցավերդ…

* * *

Հետո գարուն եկավ ու ձուն արեց: Ես նայեցի հայելու մեջ ու տեսա… քո զուլալ ու հոգնած աչքերը: Ու այդ գարնանային ձյունից մի քիչ պղտորվեց աչքերիս վճիտ ակունքը, ու կարմիր մի շողք անցավ սպիտակ ակնակապիճներիս խորքով: Ու մի քանի ճերմակ մազ երևաց սև մորուսիս մեջ: Ու մի անհուն տխրություն համակեց ինձ, ու ես հասկացա, որ դա քո տխրությունն է, որ ժամանակին վարակել է քո զվարթ հոգին: Եվ այդ թախիծն այլևս չցրվեց, քանի որ քեզնից էր, այլ մնաց իմ երգերի մեջ: Ու երբ հեռավոր մի քաղաքում ես երգում էի Գոհար Վարդի երգը, դահլիճում մի ծերունի շշնջաց` ասես Վարդապետը երգի… Հոգիս սարսռաց, ու այդ պահին ես ավելի սիրեցի քեզ, Վարդապետ…

Մի օր էլ մի եռանկյունի երևաց երկնքում: Նայեցի ու տեսա կռունկների հոգնած երամը: Ու հարց տվի` Կռունկ, ուստի՞ կուգաս, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս… Ու կռնչացին կռունկները` Վարդապետի աչքերից իմացիր, Վարդապետի… Նայեցի լուսանկարիդ ու կրկնեցի հարցս: Ու իմ աչքերում կարդացի պատասխանը: Զգացի քո ցավը, ու հոգիս շշնջաց` Ես քեզ սիրում եմ, Վարդապետ…

* * *

Հետո եկա Եդեմի պարտեզը, ուր մի գետը չորս գլուխ է դառնում: Ու տեսա, որ ծիրանենու պտուղները գլորվում-լցվում են կարմիր ջրերի մեջ: Ու լե-լե-յաման կանչեցի… Մեկ էլ հանկարծ տեսա, թե ինչպես են քարով ջարդում մեր հարևան շենքի երկրորդ հարկի լուսամուտից նայող շիզոֆրենիկ տղայի գլուխը: Ա՜խ, ինչքա՜ն էի ես նրան սիրում… Ու հանկարծ զգացի, որ մի բան փախավ իմ մեջ, ու մի ահավոր ծանրություն ընկավ սրտիցս, ու մի հուշ-պատկեր երևաց մտքիս աչքերին` երկար շեկ ծամերով ու կուժն ուսին մի փերի…

Հետո ես երկա՜ր մնացի ճերմակ պատերով մի մենաստանում: Այնտեղ շատ քիչ մարդ կար: Հիշում եմ կտրած ականջով մի նկարչի: Նաև հիշում եմ մեկին, որ ինձ Զրադաշտ մոգի մասին էր պատմում: Մեկ ուրիշն էլ Ճերմակ առաստաղի, պատերի ու հատակի վրա մի անվերջանալի վագր էր նկարում: Իսկ ես աղոթում էի նրանց համար ու երգում Գոհար Վարդի երգը: Ու երբ վերջացնում էի` կտրած ականջով նկարիչը բոլորից թաքուն մոտենում էր ինձ ու շշնջում. Ես քեզ սիրում եմ, Վարդապետ…