Վերջը

Ես 42 տարեկան եմ, ալեխառն մազերով, աչքերումս` փայլ, հայացքումս` հանդարտություն, վստահություն, հոգնություն: Ժպիտ է սառել դեմքիս:

Մայրամուտ է: Գյուղը ծխում է: Հրդեհներն արդեն մարել են: Ոչ ոք չկա բնակիչներից, միայն մեր դիվերսիոն-պատժիչ ջոկատի տղաներն են ֆռֆռում գյուղի մատույցներում: Ես սև շորերով եմ, առանց գլխարկի, զինվորական ճտքակոշիկներով, ավտոմատը` կրծքիցս կախ, ձեռքերս` վրան: Քայլում եմ վերջին տան մոտով ու նայում ինչ-որ անորոշ տեղ: Ժպիտ է սառել դեմքիս: Ես 42 տարեկան եմ, ալեխառն մազերով, աչքերումս` փայլ, հայացքումս` հանդարտություն, վստահություն, հոգնություն…

Ինձ համար ամեն ինչ ավարտված է: Ջահելությունս անցած է, սերերս չկան. ուրիշների կանայք են վաղու՜ց, վաղու՜ց… Չկա ֆիզիկան, միայն կարոտն է մնացել: Սեպտեմբերյան արևով ողողված լսարանները և մաթանալիզի առաջին դասը… Ոչ ոք չգիտի իմ մասին այստեղ` երկրում: Ջոկատի տղաներն էլ իմ իսկական անունը չգիտեն: Մի մասը Կոմանդոս են ասում, մյուսները` Արման Գեդեոն: Ունայնություն ունայնությանց, ամենայն բան ունայն է, քամիի աշխատանք:

Ոչ ոք չի սպասում ինձ: Հայրս և սիրելի մայրս չկան արդեն: Եղբայրներիս համար ես մանկության մի հուշ եմ, որը հաճախ կորչում է առօրյա հոգսերի մշուշում: Նամակ վերջին տաս տարում չեմ ստացել և ինքս էլ չեմ գրում: Ումի՞ց, ու՞մ… Այն աղջիկը, որին այստեղ մեկնելուցս առաջ նվիրեցի թալիսմանս, նա էլ չկա: Ես 42 տարեկան եմ, ալեխառն մազերով, աչքերումս` փայլ, հայացքումս` հանդարտություն, վստահություն, հոգնություն:

Ժպիտ է սառել դեմքիս…