Ծանր է ազատության պատասխանատվությունը: Հիմա հարցնում եմ ձեզ՝ ի՞նչ է ազատությունը: Մի՞թե կարծում եք, թե ազատությունը ձեր սեփական պատկերացումների աշխարհում ապրելն է: Դա ինքնախաբեություն է: Այդ ի՞նչ աշխարհ պիտի ստեղծեք դուք, որ այս մեկից կատարյալ լինի: Այդ ի՞նչ արեգակ պիտի ծագեցնեք ձեր ստեղծած աշխարհի վրա և ի՞նչ ջրեր պիտի բերեք ձեր այգիները ջրելու համար… Մինչդեռ ազատությունն ընդամենը Ոգու հետ ներդաշնակության մեջ լինելն է:
Մարդկանց տրվել է քայլելու շնորհքը, բայց դա թող ի բարին օգտագործվի, այլ ոչ թե փուչ դեգերումների համար: Քայլեք, եթե պետք է քայլել, բայց խուսափեք անիմաստ թափառումներից, քանզի դրանք ժամանակի, ուժի և մտքի անդառնալի սպառում են: Ազա՜տ եղեք ինքներդ ձեր մեջ: Ազա՜տ եղեք Ոգու մեջ: Երբ հասկանաք, որ դուք արդեն ազատ եք, անսահման երջանկությունը կպարուրի ձեզ:
Բայց և չշփոթեք ազատությունը անպատասխանատվության հետ: Ծառերը ջուր են ծծում և պտուղ են տալիս, բայց դրանցից չի պակասում նրանց ազատությունը:
Ծառերի պես ընկալեք և վայելեք ձեր ազատությունը: