Զարմանալի հատկություն ունի խոսքը, որովհետև այն լսելի է դառնում Ոգուն: Եթե Ոգին լսի ձեր անկեղծ բառերը, ապա դրանք կհասցնի ամենուր և ամենին, ու ամեն ինչ այնպես կդասավորվի, որ ձեր ճանապարհները բացվեն ու այն, ինչ փնտրում եք, ինքը գա ձեզ ընդառաջ: Ուստի ասում եմ ձեզ՝ աղոթքո՛վ ապրեք: Աղոթքո՛վ արթնացեք, աղոթքո՛վ աշխատեք, աղոթքո՛վ հացի սեղան նստեք և ջուր խմեք, աղոթքո՛վ սիրեք և աղոթքո՛վ էլ զավակներ ունեցեք: Իսկ երեկոյան աղոթքո՛վ քուն մտեք, որ գիշերը ոչ թե տագնապ, այլ հանգստություն բերի ձեր խոնջացած մարմնին, հոգուն և մտքին:
Աղոթքը նաև ձեր կապն է Երկնքի և Երկրի հետ: Աղոթքը ձեր հոգու և Ոգու միջև ընկած կամուրջն է: Եվ որևէ մեկը չի կարող մոտենալ Ոգուն, եթե նախ այդ կամուրջը չկառուցի:
Երանի՜ ծառերին, որ մշտական աղոթքով են ապրում: Բայց, քանի որ կարծրացած են ձեր սրտերը, ապա գոնե ժամանակ առ ժամանակ աղոթքով միացեք Ոգուն, որ հաջորդ պահերին կարողանաք բարու մեջ ապրել ձեր կյանքի օրերը:
Աղոթեք, որ ազատ և անկաշկանդ լինեք՝ ձեր հոգու տունը կառուցելու համար: