Սարսափելի բան է աղքատությունը: Աղքատը երբեք երջանիկ չի կարող լինել: Եթե ինչքն է պակաս՝ պիտի դրա մասին երազի: Եթե հացն է պակաս՝ հացի մասին պիտի երազի: Փախե՜ք աղքատությունից: Աղքատությունը ձեր գլուխներում և սրտերում է: Հոգով հարուստը անոթի չի մնա: Թեև լավ է անոթի մնալ, եթե ուզում ես Ոգու հարստությամբ լցվել:
Բայց երանի՜ նրանց, ովքեր իրենք իրենց են աղքատացնում մարմնով, որ հարստանան հոգով ու Ոգով: Գավաթը չի կարող անվերջ լցվել: Ինչպես և սիրտը: Եթե քո սրտում աղքատությունն է բուն դրել, ապա նախ դատարկիր այն, որ կարողանաս Ոգու հարստությամբ լցնել:
Առակ
[այգու մասին]
Մի մարդ այգի ուներ, ուր բազմաթիվ ծառեր էին աճում: Մարդը խնամում էր իր ծառերը և առատ բերք ստանում: Բայց մի օր էլ որոշեց, որ դա քիչ է: Դրացու այգին էլ իրենով արեց, որ կրկնապատկի իր հարստությունը: Բայց եկավ ջրելու օրը, և ժամանակը չհերիքեց, որ ջրի բոլոր ծառերը, քանի որ մեծաթիվ էին ծառերը: Նույնպես և չհասցրեց ժամանակին էտել ճյուղերն ու մոլախոտից մաքրել բները: Արդյունքում՝ բոլոր ծառերը խեղճացան և այդ տարի բերք չտվեցին, իսկ շատերն էլ իսպառ չորացան: Հարստությունը փոխվեց աղքատության, և մեծ էր այգեպանի հուսահատությունը:
Ուրեմն՝ վերցրեք այնքան, ինչքան կարող եք տանել: Ավելին ձեզ համար չէ: