Ամուսնության մասին

Կատարելությունն, իհարկե, մենության մեջ է: Բայց սա քրմերի կենսակերպն ու բանականությունն է: Եթե ուզում եք ամուսնանալ, ապա ծառերի պես ամուսնացեք՝ սիրով, բայց առանց կեղծ նահատակության: Մի շրջան գծեք ձեր շուրջը և օտարներին դրանից դուրս թողեք: Այդ տարածությունը միայն և միայն ձերն է: Դա ձեր մենությունն է: Մաքուր և երկնամերձ մտքերը միայն մենության մեջ են ծնվում: Այս շրջանի մեջ է ձեր կատարելությունը և իրական ազատությունը: Այդ շրջանից դուրս էլ ազատ եք, սակայն դա կաշկանդված ազատություն է: Սա ձեր ընտրության հարցն է, բայց որ ճանապարհն էլ ընտրեք՝ ուրախ եղեք այդ ընտրությամբ: Ինքնազոհությունն ինքնին անիմաստ է, քանզի համակ տիեզերքում չկա մեկ այլ բան, որն իմաստ ունի ստանալ սեփական անձը զոհաբերելով: Բայց տվեք այնքան, որքան ուզում են ձեզանից, և անգամ ավելին տվեք: Դրանից դուք միայն կհարստանաք: Հոգին կարող է անվերջ շատանալ միայն Ոգու դաշտում:

Դու՛ք եք ձեր ընտրության տերը, բայց ասում եմ՝ նախ հոգու ամուսնության, ապա միայն մարմնի: