Աշխատանքի և հանգստի մասին

Աշխատե՛ք և սիրե՛ք ձեր աշխատանքը: Աշխատեք և ուրախացեք դրա պտուղներով: Նայեք լայնասաղարթ մայրուն՝ աճում է ու փարթամանում՝ հիացնելով բոլորիս: Բայց չկա տառապանք նրա աշխատանքի մեջ, երբ վաղորդայնից   մինչ գիշեր քաշում է հողի ջուրը, մղում արմատներից մինչև ճյուղերն ու տերևները, կենարար ուժով լցնում իր պտուղները՝ մինչև որ գալիս է ձմեռը, երբ նա քուն է մտնում մինչև գարուն, որ կրկին շարունակի իր աշխատանքը: Եվ երբեք չեք լսի նրա տրտունջը, թե ծանր է իր աշխատանքը և փոքր է վարձը: Նմանապես և դուք եղեք: Սիրե՛ք ձեր աշխատանքը և սիրո՜վ արեք այն:

Նաև չմոռանաք հանգստանալ, որ վերջապես խախանդվեն ձեր հոգնած մկաններն ու միտքը: Ծառի՛ պես հանգստացեք և ապա քուն մտեք: Ու թող կրկին գա առավոտն իր կենարար լույսով, որ դուք կրկին անցնեք ձեր աշ-խատանքին այն գիտակցումով, որ մի օր էլ անցավ, բայց այն անիմաստ չանցավ, այլ բարիք արարելու վրա ծախսվեց: Թող ձեր աշխատանքը բարիք ստեղծի և ձեզ բարիացնի, քանզի ցանկացած այլ աշխատանք ունայն է և անիմաստ: Իսկ չաշխատող մարդը նման է չապրող ծառի: Եթե հոգնությունն ու հանգիստը չհաջորդեն իրար, ինչպես օրն ու գիշերն են հաջորդում, ապա կկտրվի ձեր կապը տիեզերքի հետ:

Զգուշացեք միայն տարաժամ մահից: