Տրվե՜ք անչար ու տաք քամիներին: Մի՛ մտածեք, թե ինչ պիտի անեք և ինչ լուծում պիտի գտնեք ձեզ համար անելանելի վիճակներում: Պարզապես աղոթե՛ք և տրվե՛ք անչար ու տաք քամիներին: Ու թող նրա՛նք տանեն ձեզ, քանզի նրանց ուղղորդողը հաստատ ավելի խելացի է, քան դուք, և հաստատ ավելի լավ տեղ կտանի ձեզ, քան ձեր հոգնած ոտքերն ու խռովահույզ մտքերը:
Տրվե՛ք անչար ու տաք քամիներին, քանզի ոչինչ պատահական չէ այս տիեզերքում, անգամ՝ քամիների խաղն ու նրանց աներևակայելի հևքը: Ո՞վ գիտե, ո՞վ է ուղարկել այդ քամիները և ի՞նչ նպատակով…
Ուրեմն՝ տրվեք անչար ու տաք քամիներին, ու թող նրանք առաջնորդեն ձեզ այնտեղ, ուր անդորրն ու խաղաղությունն են սպասում ձեզ: Չկա մեկը, ով կգնահատի խաղաղությունը, եթե պատերազմ չի տեսել: Եվ չկա մեկը, որի սիրտն ու միտքն անդորր են տենչում, եթե մինչ այդ փոթորիկների զոհ չի եղել:
Տրվե՛ք անչար և տաք քամիներին, ու թող նրա՛նք տանեն ձեզ…