Ասելու և լսելու մասին

Իմացեք, որ չկա անձայն կամ բարձրաձայն արտասանված թեկուզ մեկ բառ, որը համայն տիեզերքը չլսի: Իսկ եթե ձեր ականջները բաց են լսելու համար, ապա դուք էլ կլսեք այն ամենը, ինչ տիեզերքն է ասում ձեզ:

Դատարկ բառերը մի պահեք ձեր մեջ: Դրանք միայն անպետք բեռ կդառնան ձեր մտքի համար: Նախ ազատեք ձեր գլուխը՝ օգտակար մտքեր պաշարելու համար: Իսկ երբ գա ձեր խոսելու պահը՝ ապավինեք Ոգուն: Նա՛ գիտի, թե ինչ կասի ձեր բերանով: Կարող եք ձեզ վերագրել այդ բառերը, քանզի գիտեմ ձեր սնափառությունը: Բայց իմացեք, որ ամեն մի բարի ու օգտակար խոսք Ոգուց է գալիս: Ուրեմն՝ լռեք, երբ պետք է լռել, և խոսեք, երբ պետք է խոսել: Լռություն կա, որ հազար բառ արժե, ուստի զգույշ եղեք բառերի հետ:

Շաղակրատանքն ու դատարկ բարբաջանքը անապատի շիկացած ավազին լցված ջրի պես են: Մի րոպե անց դրանից հետք անգամ չի մնա: Թող ձեր ջուրը ծառի արմատներին գնա:

Երազանքը դառնում է բառ, իսկ բառը՝ գործ: Այս հրաշալի կերպափոխությունն ամեն բարու ակունքն է: