Գայթակղության մասին

Նա գալու է: Ամեն վայրկյան ձեր կողքին է լինելու: Ոչ մի պահ չթուլանաք, քանզի նա հենց դրան է սպասում: Թող ճակատագիրն ազատի բոլոր բարի ծառերին կախաղան կամ խաչ դառնալու փորձությունից: [Եթե միայն լսեի՜ք ծառերի լացը…] Նաև խուսափեք անիծյալ թզենի լինելուց: Եվ եթե չեք ուզում այդպիսին լինել՝ բարի պտուղներ տվեք: Բարի պտուղ տվող ծառը սրբացած է, և ոչ ոք նրան չի անիծի, քանզի նրա պտուղները թե՛ բարիները և թե՛ չարերն են ճաշակում: Իսկ եթե անկարող եք բարի պտուղներ տալ, ապա ավելի լավ է՝ անպտուղ մնաք:

Չար պտուղ տվողին կյանքը հենց չար պտուղներ է կերցնելու: Եվ եթե բարի խնձորենի չեք, ապա գոնե անչար լորենի եղեք: Եվ թող նախ ձեր սիրտն ու միտքը մաքուր լինեն գայթակղությունից: Որովհետև գայթակղությունը ծովահրեշի պես է՝ երբ տիրում է ձեր սրտին և մտքին, այլևս տեղ չի մնում որևէ այլ բանի համար: Սպանե՛ք հրեշի սաղմը և մի՛ թողեք, որ այն մեծանա ու ձեզ պատուհաս դառնա: Քանզի փոքրիկ գայթակղությունն անուշ է ինչպես մի բաժակ գինին, բայց մեծանալով վերածվում է հրեշի, որի դեմ պայքարելը շա՜տ դժվար է… Ինչու՞ է պետք ընկնել փոսը և ապա մտածել դուրս գալու մասին:

Ծառերի պես անչար ապրեք և թույլ մի՛ տվեք, որ ձեր ճյուղերին չար փշեր բուսնեն: