Երազանքի մասին

Ամեն ինչ երազանքից է սկսվում: Երազանքն է ամեն մեծ գործերի ակունքը: Չար գործն էլ է երազանքից ակունք առնում: Անե՜ծք բոլոր չար խորհուրդներին և չար գործերին: Երազե՜ք և երազեք բարու մասին: Մի՛ թողեք, որ չար մտքերը ուղեկից դառնան ձեզ: Դրանց վերջը հաստատ չար է նախ և առաջ ձեզ համար: Ուստի տրվեք բարի երազանքներին ու դրանցով ջրեք ձեր միտքը:

Բայց քիչ է երազելը: Բարի երազանքին պիտի բարի գործը հետևի, այլապես անիմաստ է այդ երազանքը: Թյուրամտություն և թուլակամություն են այն բոլոր խոսքերը, թե՝ չկարողացա, ժամանակ չկար, հոգսերս շատ էին, և այլն: Իմացեք, որ միայն արածն է արդարացվում: Չարածը չկա ու չի լինելու: Ուրեմն՝ բարի բաներ երազեք ու բարի գործեր արեք:

Ծառի սերմն էլ է երազում: Երազում է ծլել, աճել, մեծանալ ու փռել սաղարթները ամեն կողմ, հետո էլ բարի պտուղ տալ: Ուրեմն, դուք էլ նմանվեք ծառին՝ երազեք, ու թող ձեր երա-զանքը մի օր բարի պտուղների վերածվի: Եթե բարին եք խորհում, ապա Ոգին ձեզ կորով կտա ու ճանապարհ կբացի ձեր բարի գործերի համար: Մի՛ թողեք, որ այդ դռնով չար գործերը մտնեն ներս, քանզի ասված է, թե սուրբ տեղը դատարկ չպիտի մնա: Սուրբ բաների մասին մտածեք ու սրբության ձգտող գործեր արեք:

Երազեք մեծի ու անգամ անհնարինի մասին, ու թող ձեր երազանքներն իրականություն դառնան: