Երեք կարևոր պահերի մասին

Ձեր կյանքում երեք ամենակարևոր պահերն են՝ ծնունդը, բուն կյանքը և մահը: Բուն կյանքն ընդամենը ծնունդի շարունակությունն է և, միաժամանակ, նախապատրաստումը մահվան: Քանզի չկա մահ, այլ կա միայն անցում մի վիճակից մյուսին: Ո՞վ է ասել, թե ծնունդն ավելի կարևոր է, քան մահը… Ընդհակառակը՝ մահն է ձեր կյանքի պահերից կարևորագույնը, քանզի դա այն մեծ քննությունն է, որին դուք պատրաստվում եք ողջ կյանքի ընթացքում:

Նայեք, թե ինչպես են ծնվում, ապրում և մահանում ծառերը: [Եթե դուք նաև կարողանայիք լսել նրանց…] Մահվան հետ կապված որևէ ափսոսանք չկա, քանի որ նրանց համար դա ընդամենը անցումային մի պահ է: Եվ ծառն իրեն դժբախտ չի զգում այն մտքից, որ մի օր ինքն էլ է չորանալու և մեռնելու:

Քանի՞ անգամ եք մտել դռներով: Իսկ քանի՞ անգամ եք ինքներդ ձեզ հարց տվել, թե ինչ է դուռը՝ մու՞տք, թե՞ ելք… Մտածեք սրա մասին, երբ մի պահ կհեռանաք ձեր առօրյա հոգսերից և կփորձեք մերձենալ վեհին…