Նախապես դուք երեխա եք և երազում եք մեծանալ: Ապա մեծանում եք, հասունանում և երազում եք դարձյալ երեխա լինել: Հետո ծերանում եք, կրկին դառնում երեխայի պես ու երազում ջահելանալու մասին: Սին են ձեր պատրանքները: Մի՞թե ավելի լավ չէ վայելել մանկությունը, վայելել երիտասարդությունն ու հասունությունը, և ապա վայելել ծերությունը, երբ մոտենում եք ձեր կյանքի երկրորդ ամենակարևոր պահին: Ուստի ուրախացե՜ք և ցնծացե՜ք, երբ կրկին երեխա եք դառնում և խնամք պահանջում: Միայն թե այս անգամ ձեզ խնամողը ոչ թե ձեր երկրային, այլ երկնային ծնողներն են լինելու:
Ծառերի պես ապրեք՝ երեխա, պատանի, երիտասարդ, հասուն և ապա ծեր: Եվ ամեն տարիքում երջանիկ և ինքնաբավ եղեք ձեր ունեցածով: Դառն են միայն անիմաստ վատնած տարիները:
Առակ
[կերպափոխությունների մասին]
Ես փախա … դեպի իմ մենությունը, որ հագուրդ տամ եսասիրությանս ու մի փոքր խորհեմ իմ մասին:
Տատասկներից ու սուր քարերից արյունոտված ոտքերով ես եկա ու կանգնեցի Կաթիլի առջև: […] Ու ես եղա Կաթիլի պես՝ մաքուր ու համապարփակ: Ու Տիեզերքը արտացոլվեց իմ մեջ: Ու ես, հասկանալով Կաթիլը, հասկացա ողջ Տիեզերքը՝ իր սև խոռոչներով ու անստվեր Լույսով: Բայց կատարելության տենչը հանգիստ չէր տալիս ինձ: Ես սիրեցի Կաթիլը ու նմանվեցի նրան: Հետո ատեցի Կաթիլը, քանի որ ինձ չափազանց փոքր թվաց այդ մաքուր ու համապարփակ Տիեզերքը:
Տատասկներից ու սուր քարերից արյունոտված ոտքերով ես եկա ու կանգնեցի Գետի ափին: Հոգիս զմայլվեց նրա չլռող կարկաչյունով: Հետո պարուրեց հոսող ջրի կոհակներն ու իմ մեջ անդրադարձրեց նրանց ողջ էությունը: Ու ես եղա Գետի պես՝ արագահոս ու կարկաչուն: Նրանից սովորեցի քարերի մեջ հուն բացելու խորհուրդը: Ու ես, հասկանալով Գետը, հասկացա համայն Տիեզերքը: Բայց այս անդորրն էլ երկար չտևեց. իմ մեջ դարձյալ ծիլ տվեց ու ծաղկեց կատարելության անհագուրդ փափագը: Ես սիրեցի Գետը ու նմանվեցի նրան: Հետո ատեցի Գետը, քանի որ ինձ չափազանց երկրային թվաց վերից վար հոսելու նրա խառնվածքը:
Տատասկներից ու սուր քարերից արյունոտված ոտքերով ես եկա ու կանգնեցի Ծովի եզ- րին: Ու, մինչ միտքս տարուբերվում էր ալիքների վրա, հոգիս ընկալեց նրանց մեղմաշունչ ծփանքը ու այդ ծփանքով արտացոլվեց իմ մեջ: Ու ես եղա Ծովի պես՝ հանդարտ ու հզոր: Տիեզերքը նորովի պատկերվեց իմ մեջ՝ Ծովի գույներով: Ու ես, հասկանալով Ծովը, նորից հայտնագործեցի Տիեզերքը՝ իր լուսաբացով ու մայրամուտով: Բայց կատարելության ծարավը դեռ տանջում էր պապակ էությունս: Ես սիրեցի Ծովը ու նմանվեցի նրան: Հետո ատեցի Ծովը, քանի որ նա սառն էր ու մշուշապատ:
Տատասկներից ու սուր քարերից արյունոտված ոտքերով ես եկա ու կանգնեցի Ճահճի մոտ: Ու, մինչ միտքս մի որևէ պատկեր էր փնտրում՝ նրանից կառչելու համար, հոգիս գլորվեց գարշահոտ մրուրի վրայով ու իմ մեջ արտացոլեց այդ ժանտ բորբոսը: Ու ես եղա Ճահճի պես՝ ստոր ու դժոխամետ: Տիեզերքը յուրովի պատկերվեց ինձ՝ իբրև մի անսահման անդունդ: Ու ես, ճանաչելով Ճահիճը, ճանաչեցի համայն Տիեզերքը: Դժվար էր հեռանալ Ճահճից, քանի որ մարդկայինս շա՜տ հարազատորեն էր կապվել նրան, այն աստիճան, որ սիրեցի Ճահիճը: Բայց այդ պահին աստվածային մի կայծ լուսավորեց միտքս, ու ես հեռացա ճահճից:
Տատասկներից ու սուր քարերից արյունոտված ոտքերով ես եկա ու կանգնեցի Օվկիանոսի ափին: Ու, մինչ գիտակցությունս ու սիրտս կարոտում էին Ճահիճն իր գարշահոտ մրուրով, հոգիս ճախրեց Օվկիանոսի վրա ու արտացոլեց իմ մեջ նրա զորությունը: Ու ես եղա Օվկիանոսի պես՝ մեծ ու խոհամիտ: Տիեզերքն արտացոլվեց իմ մեջ նոր՝ Օվկիանոսի չափումներով: Ու ես, հասկանալով Օվկիանոսը, հասկացա ողջ Տիեզերքը՝ իր անսահման խորությամբ ու անվերջ ժամանակով: Ես շա՜տ սիրեցի Օվկիանոսը ու նմանվեցի նրան: Բայց նրա պեսանչափ էր իմ ձգտումը կատարելության: Ու ես ատեցի Օվկիանոսը: Ատեցի, որ հեռանամ նրանից, քանզի ինձ ավելի մեծ պատերազմ էր պետք՝ ավելի մեծ հաղթանակ տոնելու համար:
Տատասկներից ու սուր քարերից արյունոտված ոտքերով ես դարձյալ եկա ու կանգնեցի Կաթիլի առջև: Ու, մինչ միտքս բորբոքվում էր պատերազմի մարմաջով, էությունս պարուրեց Կաթիլը ու արտացոլվեց իմ մեջ նրա հայելային մակերևույթից: Ու ես կրկին եղա Կաթիլիպես՝ մաքուր ու համապարփակ: