Ընկերների մասին

Մարդկանց մեջ ինչքան էլ ընկերներ գտնեք, միևնույն է՝ մենակ եք լինելու: Ընկերացեք ինքներդ ձեզ հետ, ձեր հոգու հետ, ծառերի հետ, Ոգու հետ: Բայց հիացե՜ք և ուրախացե՜ք ձեր մենակությամբ, քանզի պայծառ մտքերը միայն մենակության մեջ են լուսարձակում: Սիրե՜ք ձեր ընկերներին, բայց մի՛ մոռացեք, որ դուք մենակ եք լույս աշխարհ եկել և մենակ էլ գնալու եք: Եվ ամենուր մենակ եք լինելու, որովհետև ոսկին այլ նյութերի հետ չի խառնվում: Եթե ուզում եք ոսկի լինել, ապա համակերպվեք և սիրեք ձեր մենությունը: Բայց եթե ուզում եք կավ լինել՝ կամքը ձերն է: Դուք ազատ եք ձեր ընտրության մեջ:

Սիրե՜ք ձեր ընկերներին և վայելեք համատեղ անցկացրած ժամերը, բայց հետո առանձնացեք, որ տրվեք մենությանը և առողջ մտքերին: Այնտեղ, ուր ամբոխն է, առողջ մտքեր հազվադեպ են ծնվում: Ծառի տակ ծառ չի աճում: Գնացեք այնտեղ, որ արևի շողերը կհասնեն ձեզ, որ կարողանաք տերևակալել և պտուղ-ներ տալ: Սիրեք ու նմանվեք միայնակ կանգնած ծառին: Նա գիտի լռել և նա գիտի խոսել: Բայց, երբ ճշմարտության խորհուրդը հասկանաք, երևի թե բառերն էլ ավելորդ կդառնան: Սիրե՜ք ձեր ընկերներին ու փախե՜ք նրանցից, եթե ցանկանում եք ձեր ճամփով գնալ:

Մենության մեջ են իմաստությունն ու հանճարը: