Երանի նրանց, ովքեր թարգմանչի կարիք չունեն: Բայց, ավա՜ղ, դա քչերին է տրված: Մյուսներին թարգմանիչներ են պետք, որ օգնեն հասկանալ տիեզերքի ձայներն ու Ոգու խոսքը: Սիրե՜ք և մեծարե՜ք թարգմանիչներին, որոնք եկել են ձեզ համար կամուրջ դառնալու: Եթե ձեզ դժվար է հասկանալ ծառերի լեզուն, ապա թարգմանիչը կօգնի ձեզ: Եվ նրա վարձը միայն ձեր իմաստությունն է լինելու: Եթե անկարող եք հասկանալ, թե որ քամին է բարի, իսկ որը՝ չար, ապա կրկին դիմեք բարի թարգմաններին: Եվ եթե անկարող եք տարբերակել ճիշտ ճամփան սխալից, ապա կրկին ձեզ կօգնեն թարգմանիչները, որոնց տրված է նայել և տեսնել, ականջ դնել և լսել:
Ու երազեք, որ մի օր էլ դուք ինքներդ թարգմանիչ դառնաք ու մանուկ հոգիներին ճշմարիտ ուսմունքի տարրերը բացատրեք: Հիրավի, չկա ավելի մեծ առաքելություն, քան մարդ-կանց մթան մեջ լուսավորելը և մոլորվածին փրկության դուռը մատնացույց անելը: Բայց վա՜յ նրանց, ովքեր սեփական անփորձությունից կամ սնափառության մղումով կփորձեն իրենց վայ-ճշմարտությունը քարոզել: Հեռու մնացեք այդ կեղծ մարգարեներից:
Ինչպե՞ս կարող է ի ծնե կույրը տեսնողին բնության գույների մասին ճշմարիտը պատմել: Եթե կատարյալ թարգմանիչ եք փնտրում, բայց չեք վստահում մարդկային ցեղի մարգարեներին, ապա գնացեք ծառերի մոտ, ականջ դրեք ու լսեք, թե ինչ են նրանք ասում և ինչ պատասխաններ են տալիս ձեր միտքը խռովող հարցերին: Երանի՜ նրան, ով կլսի ու կհասկանա:
Մարգարեները ձեր աչքերն են բացում: Բայց, ավա՜ղ, դուք նախընտրում եք փակ աչքերով ապրել: Այդպես ավելի հեշտ է թվում: Բայց ավելի դժբախտ է ինքն իրեն կուրացնողը, քան ի ծնե կույրը: Եթե փակում եք ձեր աչքերը, որ չարը չտեսնեք, ապա իմացեք, որ բարին էլ չեք տեսնելու: Լավ է լսել մարգարեներին ու բաց աչքերով ապրել: Այլապես ի՞նչ իմաստ ունի ձեր կյանքը:
Իմաստունի մեկ բանավոր խոսքը հազարապատիկ ավելին է, քան հազար գրագիրնե-րի հազար գրքերը: Ցանկացած մեծ գործ իր հաղթանակով պարտական է ոչ թե գրագիրներին, այլ կենդանի խոսքը լեռան վրա ու մարդկանց առջև բացեիբաց քարոզողներին:
Առակ
[կույրերի մասին]
Մի անգամ կույրերի քաղաք մի տեսնող մարդ եկավ: Նա խղճաց ու սիրեց կույրերին և պատմեց նրանց աշխարհի գեղեցկությունների մասին: Պատմեց ծառերի, լեռների, ավազների, ծովի, ծիածանի ու ծաղիկների ու նրանց գույների մասին: Լսեցին կույրերը, բայց հետո հրամայեցին այդ տեսնողին վերջ տալ ստերին ու լքել իրենց քաղաքը: Տրտմեց ու հեռացավ տեսնող մարդը, իսկ կույրերը մնացին իրենց հավատի մեջ, որ աշխարհում ամեն ինչ անգույն է: