Իմաստության և բանականության մասին

Իմաստությունը կյանքի և տիեզերքի խորհուրդը հասկանալն է, իսկ բանականությունը՝ թե որքանով եք կարողանում իմաստությանը համահունչ ապրել: Շատերը դրան են հասնում տասնամյակների ընթացքում, քչերը՝ ավելի արագ, իսկ ավելի շատերը երբեք չեն հասնում: Բայց և կան այնպիսիները, որոնք ի սկզբանե այդպես են ապրում: Երանելի՜ ընտրյալներ… Բայց նրանք, ովքեր ոսկու պես կրակի բոցերում այրվելով են հասնում այդ կատարելությանը, նրանք լա՜վ գիտեն դրա արժեքը և իրենց կամքով երբեք չեն հրաժարվի այդ երջանկությունից: Այս մարդիկ էլ են երանելի…

Այսպես են նաև ծառերը. նրանց պետք չեն ո՛չ գրքեր, ո՛չ ուսմունքներ, ո՛չ ինքնախարազանում և ո՛չ էլ մարգարեներ: Նրանք ի սկզբանե այդպիսին են: Նրանք երջանիկ են և, հավատացե՜ք, ավելի երջանիկ, քան մարդիկ: Եվ նրանց իմաստությունը շատ ավելին է, քանի մարդու կերտածը, քանի որ բնականը արհեստականից հազարապատիկ կատարյալ է: Նմանվե՜ք ծառերին, յուրացրեք նրանց իմաստությունը: Եվ այդժամ կդադարեն ձեր ցավագին դեգերումներն ու կյանքը պղտորող մտքերը:

Ծառերի պես իմաստուն և բանական եղեք:

 

Առակ
[գետերի և ծովի մասին]

 Մի անգամ հոխորտացին գետերը և ասացին ծովին՝ ո՞վ ես դու, որ մարդիկ պատվում ու երկրպագում են քեզ: Տես՝ մենք քեզնից բարձր ենք և մենք ենք մեր ջրերով լցնում քո ավազանը: Ուստի պատիվն ու փառքը մերը պետք է լինեն, այլ ոչ թե քոնը:

Ու պատասխանեց ծովը գետերին.

– Հիրավի, դուք ինձնից բարձր եք գտնվում և ձեր ջրերն են լցվում իմ մեջ: Բայց իմ ուժն իմ հանդարտության ու անվերջության մեջ է: Կգա շոգ ամառը, ու կչորանան ձեր հուները, իսկ ես կմնամ՝ ավելի ներքևում: Ինձնից բարձրացած ջրերը ամպ կդառնան ու անձրև կբերեն երկրի վրա, որից էլ դուք կրկին ծնունդ կառնեք: Եվ կրկին ցած կհոսեք ու կլցվեք իմ մեջ: Մեր տարբերությունն այն է, որ ես վերև եմ բարձրանում, իսկ դուք միայն վար եք իջնում:

Լսեցին գետերը, ամաչեցին իրենց ամբարտավանությունից, հասկացան ու այլևս չհոխորտացին, այլ ապավինեցին ներքևում փռված ծովին և նրա իմաստությանը: