Եթե հիրավի ցանկանում եք ճանաչել ձեզ, ապա նայեք և ականջ դրեք ինքներդ ձեզ: Նայեք և փորձեք տեսնել, ականջ դրեք և փորձեք լսել: Հետո նայեք ծառերին ու լսեք նրանց: Համեմատեք ձեր պատկերը ծառի հետ և ձեր խոսքերը ծառի բառերի հետ:
Չկա ինքնաճանաչողություն, եթե այն չի բերում ինքնամաքրման: Բայց ո՞ր ուղղությամբ պիտի գնաք, որ ճիշտ ճանապարհի վրա լինեք: Ես ձեզ կասեմ՝ գնացեք դեպի ձեր մենությունը, այն դառնահեծ մենակությունը, որը միայն մարդկանց մեջ է հնարավոր: Ճգնավորի պես մարդկանցից հեռանալով՝ կկորցնեք այն թանկարժեք հայելին, որի մեջ պիտի ձեր պատկերը տեսնեք ու ձեր աչքերին նայեք: Ուրեմն՝ մնացեք մարդկանց մեջ և հասեք ինքնաճանաչողության: Մինչև սա չհաղթահարեք, անկարող կլինեք ձեզնից դուրս որևէ բան տեսնել այնպես, ինչպես որ կա իրականում:
Առանց կշեռք ոչինչ չեք կարող կշռել: Կճանաչեք ինքներդ ձեզ՝ առաջ կգնաք: Չեք ճանաչի՝ պարզապես կմնաք իբրև մի պատահական ծիլ, որին տրված չէր ծառ դառնալ, երջանկանալ և երջանկացնել:
Տեսնում է նա, ով աչքեր ունի, և լսում է նա, ով ականջներ ունի: Հներն ասում էին, թե ասողին լսող է պետք: Ես ձեզ ասում եմ՝ լսողին էլ ասող է պետք:
Գտեք նրան, ով ձեզ ճշմարտության մասին կպատմի: