Լռության մասին

Դրա համար էլ ասում եմ՝ ավելի լավ է լուռ մնաք, եթե ձեզ տրված չէ խոսել: Հաստատ ավելի խելացի բան չեք ասելու, քան ասվել է ձեզնից առաջ կամ ասվելու է ձեզնից հետո: Ծառերի՛ց սովորեք: Նրանք ծնվում են մի փոքրիկ հունդից ու դառնում հսկա կաղնի կամ ընկուզենի, բայց անգամ այդ հանճարեղ կերպափոխության մեջ արտաքուստ լռություն են պահպանում: Բայց նայողը կտեսնի, ու ականջ դնողը կլսի:

[Քա՜ղցր է կյանքը, և ծառերը դա լավ գիտեն: Զարթնել արեգակի առաջին շողերի հետ, ապրել ու շնչել, և մայրամուտի հետ կրկին քուն մտնել մինչև հաջորդ լուսաբացը… Իսկ աշնանը մերկանալ առանց կեղծ սեթևեթանքի ու ձյան վերմակի տակ անհոգ ու հանգիստ սպասել գարնան շողերին: Նրանք կասկածներ չունեն, որ գալու է գարունը, ուստի չեն տառապում ձմեռվա ցրտից: Իսկ գարնանը կրկին փթթում են ու փառաբանում Ոգուն ու արևին, քանզի կյանքը ևս մի շրջան արեց, և իրենք այդ փառահեղ իրադարձության լուռ վկան ու մասնակիցը եղան]:

Ծառերի՛ց սովորեք, թե ինչպես է պետք լռել: Մե՜ծ խոսք և մե՜ծ իմաստություն կան լռության մեջ: Երբ լռում է մարմինը՝ խոսում է Ոգին: