Խաբեության մասին

Խաբեությունն ու խաբեբայությունը միայն մարդկանց են հատուկ: Ու ժառանգվում է հորից որդուն, մորից՝ դստերը: Հետո դառնում է բորոտություն, որից ազատվելը շա՜տ դժվար է: Եվ մի՛ զարմացեք, երբ ձեր զավակները սկսում են սուտ խոսել կամ սուտ բաներ անել: Անմեղ երեխան այլ տեղից չի սովորում, քան իր ծնողներից: Հետո խաբեությունը դառնում է սովորական մի բան, որն առերես հեշտացնում է կյանքը: Բայց իրականում դա այն հիվանդությունն է, որը կրծում ու կեղեքում է մարդուն ու հեռացնում լույսից ու բարուց: Իսկ ամենամեծ ախտը ինքնախաբեությունն է:

Ծառերն ու կենդանիները չեն խաբում, որովհետև  խաբելու  բան  չունեն:  Նույնպես և ձեզ եմ ասում՝ այնպես ապրեք, որ խաբելն ընդհանրապես անիմաստ դառնա և վերանա ձեր միջից: Փորձեք գեթ մեկ օր սուտ չխոսել և կտեսնեք, թե ինչպես է փոխվում ձեր կյանքը: Եթե չար բան չանեք, ինչու՞ պիտի սուտ խոսեք: Այնուհետև մեկ օրին գումարեք ևս մեկ օր, ապա ևս մեկը և կտեսնեք, որ ինքներդ էլ եք փոխվում և մաքրվում: Իսկ ձեր զավակներին երբե՛ք սուտ մի ասեք: Դա չարիքի ակունքն է: Սուտ խոսելը ներսից ձեզ սպանող ախտ է: Մի՛ թողեք, որ այն մտնի ու տարածվի ձեր մեջ:

Յուրաքանչյուրին ըստ իր հավատի է տրվում: Բայց կարևոր է, թե ինչին ես հավատում և ինչ է տրվում: Հեռու՛ մնացեք ծուղակներից և թակարդներից:

Ապրեք առանց խաբեության: