Խաղի մասին

Անգամ ծառերն ու կենդանիներն են խաղում: Մի՞թե դուք ավելի լուրջ եք, որ խուսափեք խաղից: Բայց զգույշ եղեք, որ չխառնեք խաղն արկածախնդրության հետ: Թող ձեր խաղը մանկան խաղի պես լինի՝ մինչև որ սովորեք ծառերի ու ծաղիկների պես խաղալ: Մանկան պես կսայթաքեք ու վայր կընկնեք, բայց դա ձեզ կսովորեցնի քայլել: Եվ մի՛ պահանջեք մանուկներից զինվորի պես խրոխտ քայլել: Միգուցե կգա մի օր, երբ կըմբռնեք մեղվի ու ծաղկի խաղի իմաստը: Խաղ, որը սեր է համակ, իսկ այդ սիրուց անուշահամ միրգ ու մեղր են ծնվում: Երբ ըմբռնեք այս խաղի մեծ իմաստը՝ թող ամեն ինչ ձեզ համար խաղի պես լինի՝ կյանքը, աշխատանքը, մարդիկ, սերը, երազանքները:

Հիրավի զազրելի և կեղծ են  դեմքի  շինծու լրջությունն ու սրտի խոժոռ հայացքը: Ի՞նչ ունեն խաբելու կամ թաքցնելու ծառը կամ ծաղիկը: Ի՞նչ ստեր պիտի մոգոնեն անձրևը կամ ձյունը: Բայց ի՜նչ հրաշքներ են գործում իրենց խաղը խաղացող արեգակն ու անձրևը, որ որ-պես սիրո առհավատչյա ծիածան են կապում երկնքում: Սա կատարելության ու բարության բանալին է: Վա՜յ այն մարդկանց, որոնք խաղալ չգիտեն, ու հազարապատիկ ավելի վայ այդ մարդկանց առնչվողներին: Տեսե՜ք՝ ինչպես է քամին խաղում ծառի տերևների հետ, և ի՜նչ հրաշալի է այդ շնկշնկոցը:

Խաղալո՜վ ապրեք ձեր կյանքի օրերը: