Խոսքի մասին

Զգույշ և պատասխանատու եղեք ձեր խոսքերի հանդեպ, քանզի չկա ձեր շուրթերից դուրս եկած գեթ մի բառ, որը լսելի չլինի Ոգուն: Ձեր ամեն մի բառը, ասված լինի դա գինի խմելիս կամ աղոթքի պահին, նա միանգամայն լուրջ է ընդունում և հասկանում որպես ձեր արձագանքը տիեզերքի անցուդարձին: Եվ հետևություն է անում ու ըստ դրա գծում ձեր հաջորդ քայլերը: Անգամ անձայն մտքերդ պիտի խոհեմ ու գիտակցված լինեն, քանզի դրանք էլ գաղտնիք չեն Ոգու համար: Իսկ եթե դժվարանում եք, ապա գոնե մանկան պես եղեք, որն ասում է՝ քաղցած եմ, երբ քաղցած է, և թե՝ ծարավ եմ, երբ իրոք ծարավ է:

Անգամ կատակի հետ զգույշ եղեք, քանի որ Ոգին անհաջող կատակն իբրև ճշմարտություն է ընդունում:

Մի պահ մտածեք, թե ի՜նչ ահավոր խառնաշփոթ եք առաջացնում կայացած կարգուկանոնի մեջ, երբ ձեր բերանից կամ անգամ մտքում սուտ բառեր են հնչում: Դա խարխլում է կայացած կարգուկանոնը, որը վերականգնելու համար Տիեզերական Ոգին ստիպված փոխում է ամեն ինչ, որ կրկին հանդարտություն բերի ու նվազեցնի խառնաշփոթը:

Զգույշ եղեք բառերի հետ, և թող ձեզնից հեռու մնան սուտն ու կեղծիքը: