Ծառապաշտի աղոթքը

Ծառապաշտը դանդաղաքայլ բարձրացավ բլուրն ի վեր, ուր լայնաճյուղ մայրին էր աճում, ծնկի իջավ, գրկեց նրա պարարտ բունն ու այսպես աղոթեց.

– Օրհնյա՜լ ես դու, որ աճել ես մի փոքրիկ սերմից ու վեր հառնել՝ հզոր և հպարտ: Օրհնվե՜ն քո արմատները, որ մայր հողի ստինքն են ծծում, օրհնվե՜ն քո սաղարթները, որ երկինքն են գրկում, և օրհնվի՜ քո բունը, որ կամուրջ է այդ երկուսի միջև: Օրհնվե՜ն քո ճյուղերը, տերևները, պտուղները և սերմերը, որ քեզնից հետո կրկին շարունակելու են քո սրբազան կյանքը: Օ՜, Ոգի տիեզերական, մեզ էլ արա այս լայնասաղարթ և հպարտ մայրու պես, որ կամուրջի պես լինենք երկրի և երկնքի միջև: Որ մենք էլ այսպես կատարյալ լինենք, և մեր պտուղներն էլ հիացնեն ու կերակրեն բոլորին: Բազմապատկիր մեր հավատն ու զորությունը, որ տեր լինենք այն բարի գործերին, որ մեզ համար ես պահել: Եվ իմաստություն տուր մեզ, որ հեռու մնանք ամեն տեսակ չար մտքե-րից ու խոհերից: Խաղաղություն տուր մեզ, որ այս ծառի պես ապրենք՝ վայելելով մեր կյանքի օրերը:

Թող քո սիրով զարթնենք և քո սիրով քուն մտնենք: