Երբ հասավ ժամանակը, և Ծառապաշտի հոգին լքեց երկրային մարմինը, նրա մարմինը հրկիզեցին չորացած մայրու փայտերի մեջ: Փոշու կեսը լցրեցին արագահոս առվակի մեջ, որ խառնվի մայր հողին ու ծառերի արմատներին հասնի, իսկ մյուս կեսը տարան լեռան գագաթը, ուր նա քարոզ էր անում, ու բարի քամիներին տվեցին, որ խառնվի օդին: Իսկ ծովին նայող անտառոտ բարձունքին, ուր նա սիրում էր լինել և գաղտնի աղոթել, մի մայրի տնկեցին, որն այսօր էլ աճում է՝ իր մշտադալար սաղարթները փռած աշխարհի բոլոր կողմերի վրա:
Ասում են՝ այդ մայրին երգում է քամու ժամանակ և պատմում մի գեղեցիկ պատմություն Ծառապաշտի մասին: