(հատված Ծառապաշտի անձայն խոհերից)
…Իսկ երբ կհոգնես քաղաքի ժխորից ու ճանապարհների փոշուց՝ գնա դեպի լեռներն ու նրանց փեշերին ծվարած լանջերը: Քայլիր ծառերի մեջ, ապա գտիր վայրի ծաղիկների գորգը ու պառկիր նրա վրա: Զգա, թե ինչպես է փոխվում աշխարհը, երբ կրկին երեխաների բարձրությունից կընկալես ծաղիկներն ու երկինքը: Տես, թե ինչպես են վայրի սեզերը վիթխարի ծառեր դառնում, իսկ զատիկները՝ երկնային թռչուններ: Հետո պառկիր մեջքիդ վրա, որ հողի ձայներն անցնեն միջովդ ու հասնեն հեռավոր աստղերին… Իսկ աչքերդ թող անքթիթ նայեն մոլորակների պես դանդաղ ճախրող ամպերին… Դանդաղ, ասես ժամանակից դուրս…
…Սիրել ծառերն ու ծաղիկները՝ առանց ամեն քայլափոխին դրա մասին բարձրաձայնելու: Ծաղիկների ու ծառերի հանդեպ սերը աղոթքի պես է՝ փակվիր քո սենյակում կամ էլ քո աշխարհում և աղոթք արա: Այդ աղոթքդլսելի կլինի… Կամ էլ գնա ծառերի մոտ ու կիսաձայն ասա, որ սիրում ես իրենց… Իսկ, եթե հաջողվի շահելտիեզերքի վստահությունը և սրբի սրտի չափ մաքուր լինի սիրտդ, նաև կլսես նրանց սիրո խոստովանությունը, քանզի չկա ավելի մեծ երջանկություն, քան ծառերի հետ զրուցելը և նրանց պատմությունները լսելը: Օ՜, ո՜չ, մի՛ հարցրեքինձ, թե ինչ են պատմում նրանք… Այդ բառերը ո՛չ գրելու համար են և ո՛չ էլ արտասանվել կարող են… Հնարավոր չէ պատմել անպատմելին, ինչպես որ հնարավոր չէ գրկել անսահմանը: Այդ ամենն այլ տարածության և այլչափումների մեջ է, և շփման միակ բարակ եզրագիծը՝ օդաքողից էլ բարակ, ծառերն են, որ սիրում ու սպասում են քեզ:
…Եվ ինչքա՜ն են նրանք տառապել մեր ձեռքին… Երբ սերմից կամ բարակ մի ցողունից տնկի են դարձել, որ ծծեն մայրհողի ստինքը, բարձրանան, առնանան ու համեղ պտուղներ տան մեզ, բայց, ավա՜ղ, խաչ են դարձել: Կամ էլ, փոխանակ տուն կամ կամուրջ դառնալու, կախաղան են դարձել: Դաժան և խեղված ճակատագրեր…
…Բայց ի՜նչ համեստ են նրանք… Երբեք հիասթափության կամ վիրավորանքի մի բառ անգամ չեք լսի այնծառից, որը ջարդվել է պտտահողմից կամ չորացել է, երբ արմատները քարի են դեմ առել: Նրանք գլխահակ,արժանապատվությամբ ու հպարտությամբ են ընդունում թե՛ իրենց ծնունդը, թե՛ իրենց մահը, եթե անգամ Հիսուսիհամար խաչ կամ Հուդայի համար կախաղան են դարձել:
Դուք ոչինչ չեք լսի, եթե ձեզ տրված չէ լսել: Կան մարդիկ, որոնց ականջ են դնում ծառերը, բայց շատ ավելի սակավաթիվ են նրանք, ովքեր զրուցում են ծառերի հետ: Երանելի՜ վիճակ և հոգեպարար երջանկություն…
Հետո ծառապաշտը կանչեց մարդկանց ու իր անձայն խոհերը բարձրաձայն կերպով հայտնեց նրանց: