Երբեք մի՛ վախեցեք մահից: Վախեցեք անիմաստ և անժամանակ մահից: Վախեցեք հիմար մահից:
Ծառի համար չկա ավելի ծանր մահ, քան ծաղկած վիճակում մահանալը, քանի դեռ իր պտուղները չի տվել մարդկանց, թռչուններին, գազաններին ու մայր հողին: Եվ այնքան սարսափելի չէ մահը, որքան մահի սպասումը: Ուրեմն՝ մի՛ սպասեք նրան: Նա կգա իր ժամանակին: Բայց պատրաստ եղեք այդ պահին, որ տագնապն ու անհանգստությունը չկլանեն ձեր միտքն ու հոգին: Ծառի պես հանգիստ ապրեք և ծառի պես հանգիստ էլ հրաժեշտ տվեք այս կյանքին:
Հրաշա՜լի է կյանքը: Վայելե՜ք այն, բայցև այն, ինչ ստացել եք, մի օր պիտի վերադարձնեք: Եվ ինչ ուրախությամբ որ ստացել եք, նույն ուրախությամբ էլ վերադարձրեք: Հատկապես որ չգիտեք, թե ինչ է սպասում ձեզ այս կյանքից հետո: Ոգու հետ ապրողը մահից չի վախենում:
Չկա մահ, այլ կա կերպափոխություն:
Առակ
[սերմի և հողի մասին]
Մի մարդ իր գրպանում սերմի երկու հատիկ ուներ, երկուսն էլ առողջ և գեղեցիկ: Եվ գարնանը, երբ հալվեցին ձյուները և հողը տաքացավ, որոշեց ցանել սերմերը: Բայց նախ միտք արեց, որ միանգամից երկու սերմն էլ չհանձնի հողին, այլ մեկը պահի, քանզի միգուցե առաջինը դուրս չգա, և այդ դեպքում գոնե մեկը մնա: Եվ մարդը հողին հանձնեց սերմերից միայն մեկը: Դրանից հետո անձրև եկավ, սերմը ծլեց, մեծ թուփ դարձավ և առատ բերք տվեց: Իսկ մյուսն այդպես էլ մնաց նրա գրպանում, խառնվեց փոշու հետ և մի օր էլ որդերին կեր դարձավ:
Քիչ է լավ սերմ լինելը: Ճիշտ պահին լավ սերմը լավ հողի մեջ պիտի ընկնի: