Ամեն ինչ ունայն է, եթե սիրով ու կրքով չի արվում: Բայց կիրքը և խաղը պիտի միասին լավ ծնունդներ տան: Տեսեք, թե ինչ կրքոտությամբ ու խաղով է ծառը ծաղկում, տերևակալում, պտուղներ տալիս և տերևաթափվում: Դա բարի կիրքն է: Չար գործերն էլ են կրքոտությամբ արվում: Կրկին Մեծ մարգարեի խոսքերը պիտի հիշեցնեմ ձեզ՝ Պտուղներից ճանաչեք ծառը: Ամեն ինչ բարի է, եթե բարի նպատակով է արվում: Եվ չար է, եթե չար իմաստ ունի: Ընտրությունը ձերն է, բայց եթե ընտրում եք բարին, ուրեմն ձեր կիրքը թող միայն բազմապատկի ձեր կամքը և բազուկների զորությունը: Իսկ նպատակի համար կրկին ծառերին դիմեք՝ մարդկային գործունեությունը ևս ծառերի վարքի պես պիտի լինի՝ իմաստավորված ու ինքնաբավ: Կրքո՜վ ծնվեք, կրքո՜վ ապրեք և կրքո՛վ էլ աշխարհափոխ եղեք:
Մեծ գործերը միայն բարի կամքով և անչար կրքով են արվում: