Հարստությունը նախ և առաջ հենց դուք եք: Եվ ինչպե՞ս և ինչո՞վ պիտի չափեք կյանքն ու աշխարհը, եթե ինքներդ գոյություն չունենաք: Դրա համար ասում եմ ձեզ՝ ձեր մեծագույն հարստությունը հենց դուք եք: Ո՛չ հողն է ձերը, ո՛չ ջուրը, ո՛չ արևը, ոչ օ՛դը և ոչ էլ քամիները: Այդ ամենը դուք պարտք եք վերցնում ձեր հաջորդ սերունդներից: Բայց դուք կարող եք ապրել այնպես, որ այդ ամենը ձերը լինի, քանի դեռ դուք Ոգու մեջ եք:
Հիրավի, երջանկություն է այդ անվերջ կատարելության մասը լինելը: Եթե սա ըմբռնեք և կարողանաք այդպես ապրել, ապա թե՛ հողը, թե՛ ջուրը, թե՛ արևը, թե՛ օդը և թե՛ քամիները ձերը կդառնան: Վերցրե՜ք, վայելե՜ք և հետո հանձնեք ձեզնից հետո եկողներին: Միայն այդպես դուք կտիրանաք այդ հարստությանը: Հարուստ եղեք՝ ինչպես ծառերն են հարուստ: Նրանք ունեն ամեն բան, ինչ իրենց պետք է: Եվ իրենց սերունդներին ոչ թե ոսկի կամ արծաթ են թողնելու, այլ հիշողություն, իմաստու-թյուն և երջանկություն, որ իրենց բնազդների մեջ են պահում:
Մի՛ կուտակեք և մի՛ դեզեք, այլ միայն ձմեռն անցկացնելու և գարնանը կրկին կանաչելու մտքով և իմաստությամբ ապրեք: Ոչ ոք երբեք և ոչինչ չի տարել իր հետ: Անգամ հիշողությունը թողնելու եք ուրիշներին, երբ աշխարհափոխ լինեք:
Ծառերի պես իմաստուն և հարուստ եղեք: