Հոգին ձեր կամուրջն է: Ամրացրեք այն, որ ուժեղանա ձեր կապը Ոգու հետ: Ու՞ր է գնում ծառերի հոգին, երբ նրանք մահանում են… Իսկ ու՞ր եք ուզում, որ գնա ձեր հոգին, երբ վերջին շունչը տաք… Իսկ որտե՞ղ էր այն, երբ դուք դեռևս լույս աշխարհ չէիք եկել… Ձեր հոգին իրականում ձերը չէ: Այն ժամանակավորապես է ձեզ տրվել: Գիտակցե՜ք սա: Տրվել է որպես մի գանձ, որն անգին է: Իսկ, եթե հանկարծ գայթակղվեք վաճառել, նախապես հարցրեք ինքներդ ձեզ՝ ի՞նչ եք ստանալու դրա դիմաց: Կա՞ մի բան, որն ավելի թանկ կամ շահեկան լինի, քան ձեր հոգին: Չկա… Ուստի ամենայն խնամքով ու սիրով, կարեկցանքով ու լրջությամբ վերաբերվեք այդ մեծ պարգևին: Մաքուր պահեք այն, որ այն ժառանգողը լոկ օրհնանքի խոսքեր ասի ձեր հասցեին: Իսկ եթե ուզում եք, որ այն ծառի պես աճի ու լիացնի ձեզ և ձեր մերձավորներին, ապա ջրեք այն Ոգու ջրով:
Կամուրջը ոչ թե բաժանում, այլ միացնում է գետի ափերը: