Դուք հողից եք կերտվել: Եվ քանի դեռ մանուկ եք՝ սիրում եք հողն ու դրանից հառնող ծառերը: Հետո այս աշխարհի հոգսերն են լցնում ձեր միտքը (քանզի չկա դատարկություն, որը մի բանով չլցվի): Բայց երբ կհոգնեք ու կզզվեք աշխարհիկ հոգսերից, ձեր քայլերը ձեզ կրկին դեպի ծառերն ու դրանց սնուցող հողը կբերեն: Այդժամ մանուկի պես դարձյալ կսիրեք ձեր մանկության ծառերը, երբ ամեն ինչ նորից սկսելու ենթագիտակցությամբ կփարվեք նրանց: Եվ, երբ սա լինի, իմացեք, որ անցել եք շրջման կետը: Փորձեք մնալ այդ կետում հնարավորինս երկար: Աստիճանաբար ավելի ու ավելի կսիրեք հողն ու ծառերը: Ո՞վ գիտե, մի օր գուցե և սկսեք զրուցել ծառերի հետ: Հարցրեք նրանց հողի մասին: Ու ծառերը ձեզ մի զարմանալի պատմություն կանեն: Լսե՜ք նրանց, եթե արդեն բավականաչափ իմաստություն ունենաք…
Իսկ վերջում հողը կրկին ձեզ իր գիրկը կառնի, որ կրկին հող դառնաք: Ուստի երբեք չար-համարհեք հողը, որը ձեր նախնիների և ձեր մասունքն է: Եվ նրա մեջ պատսպարված քարերը ձեր այգուց դուրս չհանեք, քանզի դրանցից մեկը ձեր տան անկյունաքարն է դառնալու, իսկ մյուսը՝ ձեր գերեզմանաքարը: Արդ, սիրեք ծառերն ու հողը ձեր ծնվելու օրվանից:
Գոհունակությամբ ընդունեք ձեր կյանքի այս մեծ շրջապտույտը: