Սիրեք և ապավինեք ձեր հորը և ձեր մորը: Բայց և հեռացեք նրանցից, որ ինքներդ հայր և մայր դառնաք: Հեռացե՛ք, որ ձեր ճամփան գծեք, այլ ուրիշի ճամփով չգնաք, եթե անգամ դա ձեր ծնողն է: Հեռացե՛ք, որ կարոտեք նրանց, և նրանք կարոտեն ձեզ:
Ծառի շիվն էլ պիտի առանձնանա, որ ծառ դառնա, այլապես իր ծնողին բեռ կդառնա: Եվ չվախենաք հեռանալուց, քանզի ձեզ հետ ձեր հոր և մոր օրհնանքն եք տանելու:
Երբ հասունանում է պտուղը, ծառն այն այլևս չի պահում: Լավ է, որ ճիշտ ժամանակին քաղվի, այլապես կփտի և որդերի կեր կդառնա: Հայրեր և մայրեր, ասում եմ ձեզ՝ ճամփա դրեք ձեր որդիներին, որ նրանք առաջ գնան:
Հեռացեք, երբ գալիս է հեռանալու ժամանակը: Վերցրեք՝ ինչ տալիս են, բայց ավելին մի ակնկալեք:
Հեռացեք, որ գտնեք ինքներդ ձեզ: