Հույսի մասին

Միանգամից ուզում եմ հարցնել՝ հույս առ ի՞նչ: Եթե ձեր հույսերն ընդամենը ձեր երկրամերձ ցանկությունների մեջ են, ապա հենց այդ էլ, միգուցե, կստանաք: Բայց մի՛ կարծեք, թե այդ հույսի և ձեր ստացածի տերը Ոգին է: Եթե ոսկի կամ արծաթի հույս ունեք, ապա միգուցե և կստանաք ձեր երազածը: Բայց վա՜յ ձեզ, եթե ձեր հույսը դուք ինքներդ եք:

Հույսը միայն ձեր մեջ Ոգու հաղթանակի հետ պիտի աղերսվի: Եվ, եթե արդեն կայանա այդ հաղթանակը, արդեն ամեն ինչ դրանից կբխի: Եվ կարիք չեք ունենա որևէ այլ բանի համար հոգով մաքառելու: Ուրեմն՝ հուսացեք, որ մաքրվեք այնքան, որ Ոգին այլևս ձեր մեջ լինի:

Արեգակը բոլորի համար է ծագում, բայց որքա՜ն ավելի ջերմ են մեծ լուսատուի շողերը նրան սպասողների համար: Հազարապատիկ երանելի է հույսով սպասողի համար Ոգու գալուստը:

Երանի՜ նրանց, ովքեր հույսով են ապրում և հասնում իրենց փնտրածին: