Մի՛ ասեք ինձ այն դատարկ խոսքը, թե ամեն ինչ ի սկզբանե կանխորոշված է, և անիմաստ են մտքի և հոգու որոնումները: Բնավ այդպես չէ: Եթե անգամ ամեն ինչ կանխորոշված է, ապա կանխորոշված է ընտրության մեջ: Ամեն քայլափոխին ձեր առջև որոշում կայացնելու հրամայականն է հառնելու: Եվ իմացեք՝ ընտրությունը հենց դու՛ք եք անելու: Ճակատագիրը ձեզ միայն ընտրության առջև է բերելու, բայց ընտրողը հենց դու՛ք եք լինելու: Վա՜յ նրան, որ սխալ ճանապարհով կգնա: Շու՛ռ եկեք և վերադարձեք ճամփաբաժանին: Սխալ ճանապարհով էլ կարելի է գնալ ու էլի ինչ-որ տեղ կհասնեք: Բայց դա ձեր տեղը չէ, և անիմաստ ու անօգուտ վատնած կլինեք ձեր կյանքի օրերը:
Խելացի և աչալուրջ եղեք, որ կուլ չգնաք դժնի անհոգությանը, այլ ընտրեք այն միակ ուղին, որը ձեզ համար էր նախասահմանված ի սկզբանե: Եթե ուզում եք՝ սա՛ ճակատագիր անվանեք, բայց երբեք ոչ կույր դեգերումները: Դռներ բանալը խելացիներին և ուժեղներին է տրված: Գտե՜ք ձեր դուռը և համարձա՜կ կերպով մտեք ներս: Ապրեք ձե՛ր կյանքը և մի ընդօրինակեք մյուսներին: Չէ՞ որ դուք չգիտեք, թե ինչու են հազարամյակներ շարունակ խառնվել արյունները, որ ձեր երակներում հենց այդ հեղուկը հոսի: Իսկ ձեր հոգին ձեր արյան մեջ է:
Ձեր արյան ձայնը պիտի նույնանա Ոգու կամքի հետ: Սա է առաքելության իմաստը: