Ուրախացե՛ք և ցնծացե՛ք, եթե ձեզ ընտրության հնարավորություն է տրվել, քանզի ի՞նչ կա առավել ցավալի ու վհատեցնող, քան բնավ ընտրություն չունենալը: Սակայն նաև պիտի զգույշ լինեք: Մի՛ շտապեք: Նստեք ծառի տակ կամ քարին ու խորհեք: Վերջապես, օգտագործեք այն մեծ պարգևը, որը Ոգուց է տրված ձեզ՝ մտածել և բանական որոշում կայացնել: Վանե՛ք ձեզանից բոլոր գայթակղությունները և լսեք ճշմարտության ձայնը: Եվ եթե անկարող եք անել դա, ապա կրկին ու կրկին դիմեք ծառերին: Նրանք ձեզ ճիշտ ճանապարհ ցույց կտան: [Միայն թե կարողանաք նայել և տեսնել]: Կամ էլ երկնքի թռչուններին լսեք: Նրանք երբեք չեն խաբում: [Միայն թե կարողանաք ականջ դնել և լսել]: Իսկ ամենալավն այն է, որ անջատեք ձեր բոլոր զգայարանները, քանզի ճակատագրական պահին նրանք կարող են ձեզ գայթակղության ճանապարհը մատնացույց անել: Եթե սա էլ է ձեզ դժվար, ապա առաջնորդվեք մեծ ճշմարտությամբ՝ մտեք նե՜ղ դռնով: Ավելի լավ խորհուրդ ձեզ հաստատ ոչ ոք չի տա: Եվ վերջինը՝ դուք ազատ եք ձեր ընտրության մեջ, բայց գիտակցեք, թե որ ճանապարհն եք ընտրում:
Ամենակարևոր գործերը միայն անպիղծ սրտով և մաքուր ձեռքերով պիտի արվեն:
Առակ
[Մեքքան որոնողի մասին]
Երբ ես ճամփա ընկա Մեքքան որոնելու, ինձ ուղեկցորդ ընտրեցի Լույսը: Բայց իջավ Գիշերը, կորավ Լույսը, ու Խավարը խժռեց ճամփաները… Ես ինձ ուղեկցորդ ընտրեցի Իմաստություն ու վարանեցի առանց խիզախման…
Հետո ես ուղեկցորդ ընտրեցի Կնոջը, և նա ինձ Բաբելոնի ճամփան ցույց տվեց…
Վախն ընտրեցի ինձ ուղեկցորդ, և մոլորվեց ճամփաս ունայնության տատասկներում: Եվ մտածեցի, որ Վախը ոչ մի բանում առաջնորդ չպետք է լինի:
Հետո ինքս դարձա իմ ուղեկցորդը ու մոռացա, թե ինչու էի փնտրում Մեծ քաղաքը…
Խնդրեցի Աստծուն, որ նա՛ ինձ առաջնորդի, ու Աստված ասաց՝ Մեքքան քո մեջ է…
Անապատով տաք քամիներ անցան…
Ես կանչեցի Լույսին, Իմաստությանը, Կնոջը, Վախին, ինձ և Աստծուն, և բոլորով գնացինք ու գտանք Մեքքան…