Ճգնավորի մասին

Հեշտ է ճգնավոր լինելը մարդկանցից հեռու: Եվ հազարապատիկ դժվար է ճգնավոր լինելը հենց մարդկանց մեջ, ուր ամեն տեսակի չարիքներ են ծնվում ու բազմանում: [Մեծ Մարգարեն է ասել՝ մոմը չեն թաքցնում մահճակալի տակ, այլ աշտանակին են դնում, որ լուսավորի չորս դին]: Մնացե՛ք մարդկանց մեջ և ձեր լու՛յսը տվեք նրանց: Սա է սրբերի առաքելությունը: Միայն այսպես ձեր լույսը, որ իրականում Ոգու լույսն է, իր նպատակին կծառայի: Հիշեք, որ այդ լույսը ձերը չէ, այլ տրված է ձեզ, որ լուսավորեք ձեր շրջապատը: Ուստի ասում եմ՝ մնացեք ու ճգնեք մարդկա՛նց մեջ:

Իսկ երբ կհոգնեք ու կվհատվեք՝ կրկին մերձեցեք ծառերին: Նրանք կփարատեն ձեր վհատությունն ու հոգնությունը: Ծառերի պես ճգնեք, որ ձեր ճյուղերին թռչունները հանգստանան, իսկ ձեր սաղարթի տակ՝ անցորդները խախանդվեն: Իսկ եթե ձեզ կտրեն իրենց տները տաքացնելու համար՝ սիրով տրվեք ճակա-տագրին, քանզի լիովին արդարացված կլինեն ճգնավորի ձեր կյանքն ու գոյությունը:

Անապատը, որքան էլ դաժան ու մահաբեր, իրականում փախուստ է: Անապատ գնացեք միայն քառասուն օրով, բայց հետո վերադարձեք ու շարունակեք ճգնել մարդկանց մեջ: Ի՞նչ է շահում այն ծառը, որն ապրում է մենության մեջ: Ինչի՞ն են նրա շվաքն ու պտուղները, եթե դրանցից ոչ ոք չի օգտվում…

Տվեք մարդկանց ու վերցրեք մարդկանցից ինչպես ծառն է տալիս և վերցնում: