Չեմ տեսել ավելի աղետալի բան, քան մարդկային հիմարությունը: Եվ ձեր բոլոր դժբախտություններն էլ հիմնականում ձեր հիմարությունից են գալիս: Ամեն մի չմտածված արարք ձեզ նոր մի փորձության է տանում և բազմապատկում ձեր հոգսերը: Հետո պիտի նոր լուծումներ որոնեք այդ նոր խնդիրները լուծելու համար: Եվ այդպես շարունակ: Մի՞թե ավելի լավ չէ ի սկզբանե խուսափել սխալներից:
Մարդկանց դժբախտություններից մեկն այն է, որ ամեն մեկն իրեն իմաստուն է համարում: Ավա՜ղ, դա այդպես չէ: Իմաստությունը ծառերի՛ց սովորեք: Ինձ ցույց տվեք գեթ մի ծառ, որը հիմար կամ սխալ բան է անում: Չե՛ք գտնի, քանի որ չկան այդպիսիք: Ուրեմն՝ մի կողմ դրեք ձեր մեծամտությունը և ընդունեք, որ իմաստությանը հասնելու համար դեռ երկա՜ր ճանապարհ պիտի անցնեք: Երանի՜ նրանց, ովքեր շուտ կհասնեն իմաստությանը: Եվ հազա՜ր ափսոս նրանց, ովքեր երբեք չեն հասնի դրան: Եվ մի՛ փորձեք միանգամից ստանալ ամեն ինչ: Քայլ առ քայլ, ձեր համառ մաքառումով գնացեք առաջ: Ամեն մի քայլը ձեզ ավելի կհեռացնի իմաստակությունից: Նայեք և տեսեք, ականջ դրեք և լսեք: Ուսումնասիրեք և սովորեք: Առանց ամաչելու սովորեք ծառերից, քանզի նրանք իմաստուն են:
Երանի՜ ամեն մարդ ծառերի հազարերորդ մասի չափ իմաստություն ունենար: