Մարդկային սիրո մասին

Ինձ մարդկային սիրո մասին եք հարցնում: Ոչ մի վատ բան չկա սիրո մեջ, բայց սովորեք ծառերի պես սիրել: Տեսեք, թե ինչպես են նրանք հղանում, սիրով տանում իրենց հղիությունը և ի՜նչ բարի պտուղներ են լույս աշխարհ բերում: Դուք տռփանք տեսե՞լ եք ծառերի սիրախաղում:

Ես գիտեմ, որ ձեզ պետք է մարմնային սերը, բայց թող դրա հիմքում ձեր հոգու սերը լինի: Այլապես չար պտուղներ պիտի ծնվեն: Փորձեք գտնել նրան, ում Ոգին ձեզ համար է ստեղծել: Իսկ եթե չեք գտնում՝ մի՛ վհատվեք. ուրեմն՝ դեռ ժամանակը չէ, և կամ էլ դա ձեզ համար չէ:

Սերը մի՛ բաժանեք մասերի և մաս-մաս մի՛ սիրեք: Սիրեք ամբողջության մեջ: Ոչ միայն աչքերը կամ մազերը, կամ էլ մարմինը, այլ ամբողջը: Սերը ձեր նյութականացած երազներից մեկն է:

Երազի պես սիրեք, և թող ձեր սիրո օրերը մանկան երազի պես անուշ լինեն:

 

Առակ
[սիրո մասին]

 Մի մարդ վարդի փոքրիկ թուփ բերեց տուն: Դրեց հողով ծաղկամանի մեջ և սկսեց խնամել: Ամեն օր ջրում էր և զրուցում վարդենու հետ: Շուտով փոքրիկ թուփը փթթեց և կանաչեց: Մարդը հիացմունքի մեջ էր: Զրուցում էր վարդի հետ և նրան սիրո անկեղծ բառեր նվիրում: Եվ վարդն էլ, կարծես, նույն սիրով էր պատասխանում նրան:

Սակայն անցնում էին ամիսները, ապա տարիները, իսկ թուփը չէր ծաղկում: Մարդը տարակուսանքի մեջ էր:

– Ի՞նչ անեմ քեզ համար, որ քեզ լավ լինի: Ինչու՞ դու ծաղիկ չես տալիս: Չէ՞ որ ես քեզ սիրում եմ անկեղծ և մաքուր սիրով:

Վարդը ոչինչ չպատասխանեց, սակայն ցողի կաթիլը արցունքի պես սահեց նրա տերևից ու ընկավ մարդու ձեռքին: Վարդն ինքն էլ սիրում էր մարդուն և չէր ցանկանում նրան վիշտ պատճառել:

Գարնանային մի առավոտ մարդը թուփը տարավ այգի, փոս փորեց մայր հողի մեջ ու վարդը տեղափոխեց այնտեղ: Ջրեց, վերջին անգամ համբուրեց կանաչ տերևներն ու հեռացավ իր քարակերտ բնակարանը:

Վարդի թուփը աճեց, հասակ առավ փոքրիկ ծառի չափ, առատ ծաղիկներ տվեց և դարձավ այգու զարդը՝ իր ծաղիկների բույրով լցնելով ամբողջ տարածությունը:

Եթե սիրում ես մեկին՝ այնպես արա, որ նա՛ երջանիկ լինի, այլ ոչ թե դու: Սա է սիրո խորհուրդը: