Մարմնի մասին

Սիրե՛ք ձեր մարմինը: Դա ձեր հոգու հողակերտ տաճարն է: Բայց մարմնից առավել սիրեք ձեր հոգին, որն այդ մարմնի մեջ է բնակվում: Եվ մի՛ լսեք այն սին խոսքը, թե առողջ հոգին առողջ մարմնի մեջ է: Ասում եմ ձեզ՝ առողջ մարմինն է առողջ հոգու մեջ: Իսկ եթե հոգիդ առողջ է, ապա մարմինդ էլ չի կարող անառողջ լինել: Գեղեցիկ տունը թե՛ ներսից, թե՛ դրսից է գեղեցիկ:

Նայեք ծառերին՝ նրանք առողջ ու կատարյալ են թե՛ դրսից և թե՛ ներսից: Ուրեմն՝ սիրեք ձեր մարմինը, բայց և այն կուռք մի՛ դարձրեք: Հիշեք, որ մարմինն ընդամենը հոգու ժամանակավոր ապաստանն է: Եվ ձեր մեռած մարմինը մեռելապաշտներին մի հանձնեք, այլ խնդրեք, որ այն այրեն ու փոշին տաք քամիներին տան, որ դուք մնաք ամենուր և, միաժամանակ, ոչ մի տեղ: Մեռած մարմինը կուռք դարձնողների վարձը հենց դա է: Մի՞թե ավելի լավ չէ փոշու ձևով խառնվել հողին ու ջրին և հետո ծառեր դառնալ՝ երանելի ավարտ յուրաքանչյուր մահկանացուի համար…