Մոլորությունը հատուկ է մարդկանց: Եվ միայն մարդկանց: Անգամ կենդանիները մոլորության չեն տրվում: Էլ չեմ ասում ծառերի մասին: Փորձեք ծառերի պես լինել: Նրանց աշխարհում մոլորություն չկա, քանզի չկան ավելորդ տվայտանքներ, դատարկ հարցեր ու անիմաստ պատասխաններ: Չկան վախեր, և չկա սեփական ստվերից բարձր լինելու գայթակղություն:
Մոլորությունը կյանքի օրերն անիմաստ վատնելու արգասիքն է: Ի՞նչ մոլորության մասին կարող է խոսք լինել, եթե անում եք այն, ինչ պիտի անեիք և գնում եք այն ճանապարհով, որով ձեզ տրված է գնալ: Հեռու մնացեք տարատեսակ մոլորություններից և գայթակղություններից: Իսկ եթե գիտակցում եք, որ մոլորվել եք, վերադարձեք ծառերի մոտ, խոստովանեք ձեր մեղքերը, ուժ ու զորություն խնդրեք նրանցից ու կրկին ճամփա ընկեք՝ մոլորությունից և գայթակղությունից հեռու: