Ոգու մասին

Ոգին ամենուր է ինչպես եթերը: Մի՛ փակեք ձեր դռները նրա առջև, քանզի նա երբեք ոչ մեկին ստիպողաբար չի առաջարկում իր ընկերությունը: Բացե՛ք ձեր սիրտը, հոգու և մտքի դռները նրա առջև, ու թող ձեր ամեն մի բջիջը հագենա նրա սրբությամբ, ինչպես ծարավ ծառն է հագենում կենարար ջրով ու արևի ջերմությամբ: Կրկին ասում եմ ձեզ՝ ծառի պես եղեք: Հանդարտ, անշտապ և նախախնամությանն ապավինած: Ու այդ դեպքում ամեն ինչ կտրվի ձեզ: Կտրվի ավելիով, քան ակնկալում եք: [Սրա մասին դարեր առաջ Մեծ Մարգարեն է ասել]: Բայց ձեզանից քանի՞սն են այդպես խորհում և, առավել ևս, այդպես վարվում: Ավա՜ղ, շատ քչերը… Իսկ ծառերը գիտեն այդ մեծ խորհուրդը և դրանով են ապրում ու վայելում իրենց կյանքի օրերը:

Ծառը Ոգու մեջ է ապրում և իր ողջ սնուցումը Ոգուց է ստանում: Մի՞թե դուք կյանքի ավելի լավ աղբյուր գիտեք: Ոգու հետ ապրեք և միանգամից ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք, և այնքա՜ն թեթև ու իմաստալից կդառնա ապրելը: Եվ Ոգու ուժն էլ ձեր ուժը կդառնա: Այդպիսով հեռու կմնաք մարդկային ցեղի անհամար հիմարություններից և մոլորություններից:

 

Առակ
[գետակի մասին]

Մի գետակ ուղիղ գյուղի միջով էր անցնում: Երբեմն վարարում էր և հեղեղում տներն ու արտերը: Մի օր մարդիկ հավաքվեցին ու, ապավինելով իրենց իմաստությանը, որոշեցին գետակի համար ամբարտակ կառուցել: Ջուրը հետ քաշվեց, և ուրախացան մարդիկ: Բայց գարնանը սարերի ձյան ու անձրևի ջրերը լցվեցին գետը, ու ջուրը քանդեց մարդկանց սարքած ամբարտակն ու ավերեց նրանց տներն ու արտերը: Եվ այդ հեղեղը շատ ավելի ահավոր էր, քան մինչ ամբարտակ կառուցելը:

Նույնպես և ես եմ ձեզ ասում՝ չփորձե՛ք փակել Ոգու ճանապարհը, այլ տրվե՜ք նրան:

Քամուց ճկվող ծառը չի ջարդվում, այլ ուղիղ կանգնածն է, որ կոտրվում ու արմատախիլ է լինում: Հիմա ասեք ինձ՝ ո՞վ է ավելի խելացի՝ բարի քամուն տրվո՞ղը, թե՞ նրան դեմ ելնողը: