Ուտելու և խմելու մասին

Հրաշալի բան են ուտելը և խմելը: Բայց ծառի պես կերեք և ծառի պես խմեք: Այնքան, ինչքան ձեզ պետք է: Ավելին չարից է և ծանրություն կբերի ոչ միայն ձեր մարմնին, այլև ձեր հոգուն: Վայելեք այն ամեն պատառը, որ ձեր քրտինքով ստացել եք հողից: Իսկ ջուր կամ գինի խմելիս էլ դարձյալ օրհնանքի խոսքեր և աղոթք ասեք ջուրը և գինին արարողին: Միայն այդ դեպքում ուտելն ու խմելը կդառնան երանություն, իսկ ձեր հոգին դրանից միայն կերջանկանա: Տվեք մարմնի սնունդը մարմնին, իսկ հոգու սնունդը՝ հոգուն, բայց մի՛ մոռացեք, որ հոգին առաջնային է: Ուրեմն՝ թող ուտելն ու խմելը նախ հոգու տոն լինեն:

Իսկ երբեմն էլ անոթի և ծարավ մնացեք, ինչպես ծառերն են անում: Այդպիսով գնահատեք ուտելիքն ու ջուրը, որ դրանք ձեզ համար ոչ թե առօրեական զբաղմունք, այլ ծես դառնան, այլ ոչ թե առօրեականություն զբաղմունք:

Ապրելու երկու ձև կա՝ Ոգու հետ և առանց Ոգու: Ընտրությունը ձերն է: Բայց առանց Ոգու ապրելը նույնն է, ինչ պտղատու ծառը պտուղ չտա: Ահավո՜ր ճակատագիր: Առանց Ոգու ապրելը որբ երեխայի պես է՝ անտեր և բարի ձեռքի ու կարեկցանքի կարոտ: Առանց Ոգու ապրելը դատարկ ժամավաճառ է: Մի՞թե ավելի մեծ երջանկություն չէ սիրո և ապահովության մեջ լինելը, քան հոգու պարապ դեգերումներին տրվելը: Միևնույն է, Ոգուց հրաժարվելով՝ այլ բան ձեռք չեք բերելու, այլ միայն ունայնություն՝ ջուրն ընկած ու դեպի անհայտություն լողացող սերմնահատիկի պես:

Պարարտ հողի մեջ տնկեք ձեր սերմերը, որ նոր կյանքի երջանկությունը վայելեք: Ասում եմ ձեզ՝ կերե՜ք, խմե՜ք և ուրախ ապրեք: