Ուրախության և տխրության մասին

Սրանք էլ են մեզ համար: Ինչպես գիշերն ու ցերեկն են հաջորդում իրար, այնպես էլ ուրախությունն ու տխրությունն են հաջորդելու իրար: Ինչպես ծառերն են զարթնում ու փթթում գարնանը, իսկ աշնանը մերկանում ու պատրաստվում ձմեռային քնին, այնպես էլ դուք եղեք: Քանզի իմացեք՝ թե՛ ուրախությունը և թե՛ տխրությունը անցողիկ են: Ուստի ասում եմ ձեզ՝ ձեր ուրախության մեջ ողջախոհ և զգոն եղեք, իսկ տխրության մեջ՝ անկոտրում և ուրախ, քանզի դրանք փոխարինելու են իրար ինչպես տարվա եղանակները: Ուրախացեք լիասիրտ և տխրեք լիասիրտ: Չէ՞ որ գետերն էլ գարնանը վարարում են, ամռանը չորանում, աշնանը բարակում, իսկ ձմռանը՝ քուն մտնում ձյան և սառույցի տակ: Դուք էլ ծառի և գետի պես եղեք՝ խոհականորեն ընդունելով կյանքը, ինչպես որ այն կա: Ե՛վ ուրախությունն է ձերը, և՛ տխրությունը:

Թող ուրախ անցնեն ձեր կյանքի օրերը անգամ տխրության մեջ:

 

Առակ
[տրտմության մասին]

 Մի տիրակալ որոշեց վերացնել տրտմությունն ու թախիծը իր թագավորության սահմաններից: Մարդկանց բաժին հանեց իր մեծ հարստությունից ու հրաման արձակեց, որ այդուհետև բոլորն ուրախ ու երջանիկ լինեն: Բայց հարստության հետ մեկտեղ մարդկանց սրտերը կասկած ու նախանձը մտավ, ու սկսեցին հարց տալ իրենք իրենց ու մյուսներին, թե ինչու ընդամենը այսքան բաժին հասավ իրենց, այլ ոչ ավելին: Ու նախանձն պատեց նրանց հոգիները, իսկ քունը փախավ առհավետ: Մարդիկ դադարեցին աշխատել ու օր ու գիշեր իրենց ու իրենց դրացու հարստությունն էին հաշվում:

Տեսավ տիրակալը, որ մարդիկ ավելի հոգսաշատ ու տրտում դարձան, քան  մինչ այդ էին: Ու որոշեց հետ վերցնել իր բաժանած ոսկիները: Հրամանը կատարվեց որքան հնարավոր էր, բայց դրանից մարդիկ է՛լ ավե-լի չարացան, ու ահույս կատաղությունը համակեց նրանց:

Խորապես փոշմանեց տիրակալն իր անմիտ արարքի համար, բայց մարդիկ արդեն փչացել էի, իսկ տրտմությունն ու նախանձը բազմապատկվել էին նրա տիրապետության մեջ: