Պատահականության մասին

Եթե ծառից տերև է ընկնում, դրանում պատահականություն չկա: Նույնպես և չկա պատահականություն, երբ անձրևի կաթիլը ձեր քունքին է դիպչում: Եվ ոչ էլ օդի շարժումը կամ թիթեռի թռիչքն է պատահական: Անգամ մի մազ չի ընկնի ձեր գլխից, եթե դա նախասահմանված չլինի: Անգամ   ծովեզրին  լցված ու անապատը գրաված ավազի հատիկների քանակը պատահական չէ: Աշխարհի սկզբից ամեն ինչ այնպես է դասավորվել, որ պետք եղած պահին ծառի այդ տերևը ցած ընկնի, իսկ անձրևի այդ կաթիլը հենց ձեր քունքին հանգչի: Ուրեմն՝ որքա՜ն ավելի իմաստավորված է ձեր ամեն մի քայլը: Ուստի մոռացեք այդ բառը և օտարեք ձեր գործերից, քանզի չկա պատահական որևէ մի բան ոչ ձեր ներսում և ոչ էլ ձեզնից դուրս: Քանի՜ մարմնի քավարանով է անցել այն հոգին, որ ձեր առաջին շնչի հետ ձեր մեջ է մտել…

Անգամ ձեր ընտրությունը պատահական չի լինում: Միայն թվում է, որ պատահական է, թե որ ճանապարհով կգնաք: Բայց ասում եմ ձեզ՝ անգամ դա, ձեր ընտրությունը, նախասահմանված է և կանխորոշված: Ուստի, պատասխանատու եղեք ձեր որոշումների ու գործերի համար: Չկա պատահական որևէ բան, այլ կա կանխորոշված նախախնամություն:

Ապավինեք նրան և նրա՛ հետ անցեք ձեր կյանքի ճանապարհը: