Պատերազմները եղել են, կան և լինելու են: Բայց պատերազմեք ծառերի պես՝ ոչ թե ընդդեմ, այլ հանուն: Պատերազմեք նախ և առաջ ինքներդ ձեր դեմ՝ կրկին հանուն ձեզ: Երիցս անիծյալ լինեն այն պատերազմները, որոնք ոչ թե կյանքի, այլ մահվան համար են: Ուրեմն՝ պատերազմե՛ք, որ ավելի լավը լինեք: Որ ձեր զավակները ավելի շատ բարի գործեր տեսնեն և ընդօրինակեն: Պատերազմե՛ք, որ ձեր հոգին միաձուլվի տիեզերական Ոգուն: Պատերազմե՛ք, որ ձեր անձը չկորցնեք, քանզի չկա ավելի մեծ կորուստ, քան սեփական անձը կորցնելը: Պատերազմեք ձեր մարմնի դեմ, եթե նա հակառակ է ձեր հոգուն: Պատերազմեք ձեր հոգու դեմ, եթե այն դեմ է ելել տիեզերական Ոգուն: Պատերազմեք ձեր ախտերի դեմ, ձեր սխալների դեմ, ձեր մոլորությունների ու գայթակղությունների դեմ: Պատերազմեք ձեզ համար և ձեր սերունդների համար: Այս պայքարում միայն հաղթանակն է արդարացված:
Դափնեպսակ միայն հաղթողն է ստանում: Քանի որ դուք շատ եք շեղվել ձեր իրական ուղուց, ուստի պատերազմե՜ք, որ վերադառնաք ձեր շավիղներին, որոնք հիմա փոշով են պատվել: Մաքրե՜ք և օծե՜ք ձեր փառքի ճանապարհները, քանզի դրանով եք դուք առաջ գնալու:
Ծառերի պես պատերազմեք՝ խորացրեք ձեր արմատները և տարածեք ձեր սաղարթները, լցրեք ձեր տերևները ու քաղցրացրեք ձեր պտուղները: Հաստաբուն մայրի դարձեք, որ թափառականին օթևան դառնաք, թռչուններին՝ ապաստարան, քաղցածներին՝ կերակուր, ծարավներին՝ խմելիք, սառածներին՝ ջերմություն և ապավեն բոլոր կարոտ ու մոլորյալ հոգիներին:
Ու թող օրհնվի այն փառավոր պատերազմը, որը ձեզ դեպի կատարելություն պիտի տանի: