Ջրի մասին

Ջուրը պետք է, որ ձեր արտացոլանքը տեսնեք: Այլապես ձեզ չի լքի այն մտայնությունը, որ չեք ապրում, այլ ընդամենը ինչ-որ մեկի երազն եք: Ամենամեծ չարիքը խաբեությունն է, իսկ դրա գերագույն ձևը՝ ինքնախաբեությունը: Ուստի ասում եմ՝ ջուր խմելիս նայեք նրա մեջ և տեսեք ձեր արտացոլանքը: Նայեք ձեր աչքերի մեջ ու այնտեղ ձեր լույսը փնտրեք, քանզի առանց լույսի արտացոլանք էլ չի լինի: Իսկ եթե չկա արտացոլանք, ուրեմն՝ դուք էլ չկաք […]:

Հետո համբուրեք նրա մակերևույթը, որի վրա դուք եք, սիրո խոսքեր շշնջացեք՝ ուղղված Տիեզերական Ոգուն ու վայելեք ամեն մի կաթիլը, որ ձեր մարմինն էլ իր և Ոգու արտացոլանքը տեսնի ջրի մեջ: Հավատացեք, չկա աշխարհը, եթե չկաք դուք, ինչպես և չկաք դուք առանց աշխարհի: Իսկ ջուրը, որը հոսում է ձեր և տիեզերքի սահմանի վրա, ձեզ միացնող կամուրջն է: Ջուրը ոչ թե բաժանում, այլ ձեզ միացնում է տիեզերքին: Երջանիկ եղեք դրանով, քանզի չկա մեկը, որը չցանկանա փարվել իր մորը: Եվ որքան հաճախ՝ այնքան ավելի լավ:

Սիրե՛ք ջուրը և վայելե՛ք ձեր սերը: