Սկսելու և ավարտելու մասին

Ամեն բան ունի սկիզբ և ունի վերջ: Բայց և ամեն բանի վերջը մի նոր բանի սկիզբ է: Միայն մի բան կա, որն ունի սկիզբ, բայց չունի վերջ՝ ինքնամաքրումը: Բայց սա մարդկանց համար է: Ծառերն այս առումով ոչ սկսում են և ոչ էլ ավարտում: Նրանք կատարյալ են: Բայց մեզ, ավա՜ղ, այլ ճանապարհ է տրված: Քայլել ու մաքառել ամեն նոր քայլի հետ: Բայց ի՜նչ քաղցր կլինեն անգամ այն փոքրիկ հաղթանակները, որոնք գալիս են ամեն քայլի հետ: Հիրավի, առավել երջանկաբեր է մաքրվելու աստիճանական զգացողությունը, քան վերջնական արդյունքը: Հատկապես, որ սրա համար վերջնական պահ գոյություն չունի: Չէ՞ որ մենք երբեք չենք կարող հասնել այն կատարելությանը, որն ունեն ծառերը կամ ծաղիկները: Բայց եկեք սկսենք և երջանիկ լինենք սկսելով ու ամեն մի փոքրիկ հաղթանակով: Չմտա-ծենք ավարտելու մասին, քանի որ այս գործում ավարտ չկա:

Եվ ի՜նչ լավ է, որ չկա: Մարդը պետք է քայլի, այլապես կծուլանա ու կճարպակալեն նրա միտքն ու կամքը: Ահավոր բան է ճարպակալած մարմինը, բայց շատ ավելի ահավոր է ճարպակալած հոգին:

Մոմը պիտի վառվի, որ լույս տա, այլապես անիմաստ է նրա գոյությունն իսկ: Ծառը պիտի կանաչի, շվաք, ապաստան ու պտուղ տա, այլապես նրա գոյությունն էլ անիմաստ կդառնա: Նույնպես և դուք՝ սկսեք քայլել դեպի կատարելությունը և երբեք կանգ մի առեք, քանզի ամեն մի կանգառ հետընթաց է: Մի պահ միայն շունչ քաշեք ու շարունակեք քայլել: Իսկ ավարտի մասին ձեզ կասեն, երբ գա ժամանակը: Դա ձեր որոշելիքը չէ, թեև ձեր ազատության մեջ է: Սկսե՛ք ու առա՛ջ գնացեք:

Ու թող կատարյալների օրհնանքը լինի ձեզ վրա: