Մարդկային ցեղի ամբողջ պատմությունը սովի պատմություն է: Դուք միշտ քաղցած եք: Աշխատում եք, ուտում, և դա չի վերջանում: Եվ երբեք կուշտ չեք լինում, քանի որ սովը ոչ թե ձեր փորում է, այլ ձեր գլուխներում: Եթե շարունակեք այդ ձևով ապրել, ապա երբեք չեք կշտանա, քանզի անվերջ են մարդկային ցանկությունները: Բայց կյանքը ոչ խանութ է և ոչ էլ ամբար, որ լցնես ու լցնես, վերցնես ու վերցնես, միաժամանակ շարունակ վախենալով, թե նա հանկարծ կդատարկվի: Միակ իրական սովը Ոգու սովն է: Միայն այս սովն է, որը պիտի ձեզ սարսափեցնի և ստիպի մտածել ու գործել: Ուրեմն՝ Ոգով լցրեք ձեր հոգու ամբարները և կմոռանաք սովի մասին:
Բայց սա էլ վերջ չունի, քանզի կարևորը ոչ թե արդյունքն է, այլ մաքրվելու և հարստանալու քայլերը: Այս ճանապարհը ունի սկիզբ, բայց չունի վերջ: Ոգին չի սիրում ամբարտավաններին, որոնք ասում են, թե արդեն հասել են այսինչին կամ այնինչին և առաջանալու տեղ չունեն: Ոգին սիրում է ամեն վայրկյան իրեն մաքրող ու կատարելագործող հոգիներին: Սովորե՜ք, բարձրացե՜ք և ապա միայն քննություն բռնեք: Հավատացեք ինձ՝ քննություններն անսպառ են լինելու նրանց համար, ովքեր ուզում են սովորել ու բարձրանալ: Եվ, երբ զգաք, որ հասել եք ինչ-որ բարձունքի, մի պահ շունչ քաշեք ու շարունակեք բարձրանալ:
Չկա կատարելություն, այլ միայն դրան ձգտելու մշտական աշխատանք: