Ուրիշներին ճանապարհ ցույց տալու համար նախ ինքներդ պետք է իմանաք ճանապարհը: Վա՜յ այն քարոզիչին, որը սեփական վարքով չի ապացուցել իր խոսքերը: Հեգնանքի և անարգանքի է դատապարտված նա:
Ձեզ էլ պիտի հեգնեն և անարգեն, բայց դա բոլոր մարգարեների վարձն է սեփական քաղաքում: Ուստի ասում եմ՝ երբ բացվեն ձեր աչքերը, և երբ Ոգին լեզու դնի ձեր բերանը, հեռացեք ձեր քաղաքից և այլ քաղաքում ուսուցանեք ու քարոզեք: Անհոգ եղեք՝ ձեր քաղաքում մեկ այլ մարգարե կուսուցանի: Բայց վա՜յ ձեզ, եթե ձեր մաշկի վրա զգացածը և ձեր աչքերի տեսածը չեք քարոզում: Ձեզ ոչ ոք չի հավատա: Իսկ մարգարեի համար չկա առավել ծանր պատիժ, քան նրան չհավատացող մարդիկ:
Երբ մարդիկ ձեզանից երկնային նշաններ հայցեն՝ պարզապես ուղեկցեք նրանց լայնասաղարթ գեղեցկուհու մոտ, որին ծառ ենք ան-վանում, և դա թող լինի ձեզ տրված նշանը: Եվ ո՞վ կհանդգնի ասել, թե ինքն արդեն տեսել է դա: Քանզի մարդիկ նայում են, բայց չեն տեսնում: Երանի նրանց, ովքեր նայում են և տեսնում:
Դուռ ցույց տվեք ձեզ լսողներին, բայց նրանց ձեռքը բռնած մի՛ տարեք ներս: Թող ամեն մեկն իր ընտրության տերը լինի: Միայն ինքնուրույն մտնելով՝ աշակերտը կգնահատի և կհասկանա, թե ուր է մտել: Ոգևորե՜ք նրանց և ճանապարհ ցույց տվեք, բայց ընտրողն ու քայլողը հենց նա՛ պիտի լինի: Եթե մայրն իր զավակին մի օր կրծքի կաթից չկտրի, ապա զավակն ինքնուրույն ուտել չի սովորի: Եվ եթե մայրը զավակին թույլ չտա սայթաքել և ընկնել՝ նա երբեք քայլել չի սովորի:
Ցավալի է, բայց ամեն մարդ միայն իր սխալներով է ընդունակ սովորել ու ճանաչել կյանքը: Գոտեպնդվե՛ք և համարձակ ճամփա ընկեք: Ու թող ճանապարհը նախ ծառերի մոտ տանի ձեզ: Դրանից հետո գնացեք այնտեղ, ուր ճիշտ եք համարում:
Տատասկոտ ու անջրդի ճամփա եմ մաղթում ամենիդ: Տառապե՜ք ու մաքրվե՜ք: Անցե՜ք այդ ճանապարհը, ու թող Ոգին ձեզ փարոս լինի: