Վախերի մասին

Թոթափե՛ք վախերը: Բայց և մի՛ կորցրեք ձեր զգուշավորությունը: Վախը շատ վատ ուղեկից ու խորհրդատու է: Մարդիկ տառապում են սեփական վախերի ճիրաններում: Դրանից ահավոր երևի մեկ էլ հիմարությունն է: Բայց հիմարը գոնե երջանիկ է իր հիմարության մեջ, իսկ վախկոտը դժբախտ է թե՛ իր մենության, թե՛ մարդկանց մեջ: Նայեք ծառերին և նրանցի՛ց օրինակ վերցրեք: Նրանք վախեր չունեն: Եթե անգամ հրո ճարակ դառնան: Նրանք հույսով են ապրում, որ հրդեհից հետո իրենց սերմերից կրկին ծառեր են բուսնելու, և դրանով իսկ շարունակվելու է նրանց կյանքը: Սա հույսն է, որը ցրում է մահվան սարսափը:

Բայց կա նաև ափսոսանք, քանզի ծառերի համար քաղցր է կյանքը: Երանի՜ նրանց, ովքեր չեն լսում ծառերի լացն ու չեն տեսնում նրանց արտասուքները: Բայց առավել երանի նրանց, ովքեր լսում են ու տեսնում, քանզի հաղորդակցվում են իմաստությանը: Շա՜տ ծանր պատասխանատվություն է՝ լսել ծառերի հա-ռաչանքն ու չկարողանալ օգնել… Ուրեմն, թոթափե՛ք վախերն ու համարձակ առաջ գնացեք: 

Վախեցեք տգիտությունից և անգիտությունից, քանզի այս երկուսն են մարդկային բոլոր դժբախտությունների ակունքը: Տեսե՛ք, հասկացե՛ք, ճանաչե՛ք և առա՛ջ գնացեք:

Եվ թող ծառերի օրհնանքը ձեզ վրա լինի: