Տալու և վերցնելու մասին

Վերցրեք այն, ինչը ձերն է: Եվ մերժեք այն, ինչը ձերը չէ, քանզի դա ձեզ ահավոր մի բեռ է դառնալու, որը տառապանքով կրելու եք ձեր ուսերին ու ափսոսալու եք դեն նետել: Տվեք այն, ինչ ուզում են ձեզանից: Ուրախությամբ և սիրով տվեք, քանզի դրանից դուք միայն կհարստանաք: Պտուղ տալով՝ ծառը միայն հարստանում է: Եվ տեսեք, թե քանիսն են օրհնում նրան՝ այգեպանը, հողն ու հողի որդերը, անասուններն ու երկնքի թռչունները, անոթի անցորդն ու բոլոր մյուսները:

Ծառի պես արեք՝ վերցրեք այն, ինչը ձերն է՝ ջուրը, հողի ուժը, արեգակի ջերմությունը, այգեպանի հոգատարությունը և սերը: Եվ տվեք ձեր պտուղները, չորացած և անպետք ճյուղերը, դեղնած տերևները: Իսկ, եթե Ոգին պահանջի, ապա տվեք նաև ձեր կյանքը, քանզի չկա ավելի վեհ բան, քան սեփական կյանքը սիրով զոհաբերելը: Չէ՞ որ ձեր հոգին անմահ է մնում, իսկ ձեր ծիլը՝ ձեր սերունդների ու Ոգու մեջ:

Ուրեմն՝ ծառի պես տվեք և ծառի պես վերցրեք:

Իսկ ողորմություն տալիս ուշադիր  եղեք, որ դրանով չխառնեք տիեզերքի հաստատված կարգը: Միգուցե դրանով դուք մուրացիկին հեռացնում եք Ոգու նախատեսած ճակատագրից: Զգույշ եղեք, որ նա ձեզ և աշխարհի համար պատուհաս չդառնա: