Ձեր տունը հենց դուք եք, որը կայուն է ձեր հոգու և Ոգու մեջ: Ուրեմն՝ թող մաքուր և գեղեցիկ լինի ձեր տունը, որ ձեր մարմինն է, քանի դեռ չի եկել աշխարհափոխության ժամը: Եվ թող ձեր տանը ապրեն ձեր կինն ու ձեր երեխաները, ձեր ծնողներն ու բարի հյուրերը: Եթե մաքուր է ձեր տունը և ամուր է նրա հիմքը, ապա ո՛չ չար աչքերը և ո՛չ էլ նախանձ սրտերը կարող են վնասել նրան: Եվ ձեր այգին էլ կանաչ ու բերքառատ կլինի, եթե բարի սրտով եք այն տնկել և մշակել: Քանզի հարստանում եք ոչ թե վերցնելով, այլ տալով: Ուստի շա՜տ տվեք ձեր լույսից ու ձեր հացից, որ շատանան դրանք ձեր տանը:
Մի՛ թաքցրեք ոչ լույսը և ոչ էլ հացը, քանզի թաքցրած լույսը մարում է խավարում, իսկ թաքցրած հացը՝ բորբոսնում է կամ առնետների կեր դառնում: Բազմապատկե՛ք ձեր գանձերը, մաքրե՛ք ձեր տունը, շենացրե՛ք ձեր այգին ու բացե՛ք ձեր տան դռները մարդկանց առջև: Փակ այգում ձյունը վերջինն է հալվում, իսկ մե-ղուները հեռու են մնում: Ուստի՝ այգին էլ բացեք, որ ծառերի բերքից օգտվեք դուք, օգտվեն ձեր հարազատները և օգտվեն անցորդներն ու երկնքի թռչունները: Դրանով ծառերին էլ իրենց հասանելիք երջանկությունը կտաք, քանզի նրանք պտուղն իրենց համար չեն տալիս, այլ քաղողի: Բացելով՝ դուք մեծացնում եք, իսկ փակելով՝ փոքրացնում: Անձուկ տան մեջ հոգին էլ անձուկ կդառնա ու կխեղդվի: Վառե՜ք ձեր լույսերը ու լուսավորեք բոլորին:
Մաքուր և երջանիկ թող լինի ձեր տունը: